Զվարթնոցից փողոցով խփելով տարել–հասցրել են Հրաչիկ Աբգարյանենց փողոցը, համարյա 1.5 կմ. Արթուր Թումանյան

13:49 • 17.09.16

Էջմիածնում գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ու քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի միջև երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպը Կարպիս Բաժակյանին առևանգելու ու ծեծելու պատճառով են եղել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արթուր Թումանյանը, ով «Էրեբունի» բժշկական կենտրոնում է՝ բժիշկների հսկողության տակ: Թումանյանը հավաստիացրեց, որ իրեն ու իր շտաբի անդամ Ստեփան Աբգարյանին ծեծի են ենթարկել Կարեն Գրիգորյանն ու իր կողմնակիցները, ովքեր դուրս էին եկել նրանց դիմաց, երբ Կարպիս Բաժակյանին փնտրելու էին գնացել: Վերջինս, մինչ հիմա, նրա փոխանցմամբ, չի գտնվել:


- Պարոն Թումանյան, կպատմե՞ք, ի՞նչ է երեկ տեղի ունեցել Էջմիածնում, ի՞նչ բախումներ են եղել Ձեր ու Կարեն Գրիգորյանի, նրա թիմակիցների միջև:

- Մեր ավագանու անձին, շտաբի աշխատողին գողացել տարել էին, մենք էլ ընկել ման էինք գալիս, մեր վրա հարձակվեցին:


- Ասում են, որ դուք կրակել եք Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Այդպե՞ս է:


- Ի՞նչ եք մտածում՝ կրակել եմ մեքենային չի կպել հա՞: Պարոն Գրիգորյանը, որ եկավ մեքենայով խփեց մեզի, վազեց հետևներիցս, իրա փորի տակից էդ զենքն ընկել ա, ես վերցրել եմ, հասկանո՞ւմ եք…


- Այսինքն՝ Կարեն Գրիգորյանի մոտ զե՞նք է եղել:


- Այո, ծեծելուց ջարդելուց հետո նորից հետ վեկալավ:


- Ինչպե՞ս եք Ձեզ զգում: Կկարողանա՞ք վաղվա ընտրություններին մասնակցե՞լ, թե հնարավոր է հանեք Ձեր թեկնածությունը:


- Չգիտեմ, հիմա նայում ենք էլի, եթե հնարավոր լինի հետաձգել՝ հետաձգենք, եթե չէ, չգիտեմ, ոնց կլինի:


- Ձեզ ո՞նց եք զգում:


- Ո՞նց պիտի զգամ, 10 հոգի հարձակվեցին վրես՝ տղավարի, հարձակվեցին… նորմալ ա էլի, չգիտեմ, տենանք, ուռած-մուռած բաներ կան, տեսնենք:


- Ձեզ ծեծողների թվում Կարեն Գրիգորյանը կա՞ր:


- Դե ինքն էլ էր հարձակվում… Ես ընկել եմ գետնին, ինձի… Ախպերներն էլ… Որ 06-ը տենաք, վկաներ էլ կլինեն, տեսած կլինեն ինչ ա կատարվել, Զվարթնոց թաղամասից փողոցով խփելով տարել հասցրել են Հրաչիկ Աբգարյանենց փողոցը, համարյա 1.5 կմ:


- Այս ամենի նպատակը ո՞րն էր: Ուզում էին Ձեզ վախեցնե՞լ:


- Այո, այո, շանտաժ արին, մեր աշխատողներին վեկալան տարան: Կեխտոտություն ա, հիմա էլ հելել ասում են, թե ես եմ զենք հանել, եսիմ ինչ եմ արել, իրանց վրա եմ հարձակվել, 2 հոգով 30 հոգու վրա ենք հարձակվել հա՞: