Հազարավոր սևազգեստ թաիլանդցիներ ողբում են միապետի մահը (լուսանկարներ, տեսանյութ)
Հազարավոր թաիլանդցիներ ողբում են իրենց միապետի՝ Փհումիպոն Ադուլյադեթի մահը, հայտնում է france24.com կայքը՝ հավելելով, որ երկրի հաջորդ թագավորը լինելու է 64-ամյա թագաժառանգ Մահա Վաջիրալոնգկորնը:
Աղբյուրը մանրամասնում է, որ առավոտից հազարավոր մարդիկ են հավաքվել թագավորական պալատի ու այն հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել է 88-ամյա միապետը:

Սևազգեստ սգացողները կրել են Ադուլյադեթի լուսանկարներն ու արցունքն աչքերին աղոթել ննջեցյալի համար: Նրանցից շատերն ասել են, որ առաջիկա 1 տարում միայն սև են կրելու, քանի որ գտնվում են սգի մեջ:

Նշվում է, որ իշխանությունները միապետի դին ուրբաթ հիվանդանոցից տեղափոխել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տաճարը, որտեղ այն մնալու է մի քանի ամիս՝ համաձայն բուդդիստական ծիսակարգի:

«Ես շատ տխուր եմ, քանի որ շատ էի սիրում մեր թագավորին: Ես ծնվել եմ նրա կառավարման օրոք ու այժմ վախենում եմ երկրիս ապագայի համար»,-նշել է սգացողներից մեկը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թաիլանդում 88 տարեկանում կյանքից հեռացել է թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը:
Հայտնի է, որ վերջին մի քանի տարին միապետը եղել է վատառողջ ու ժամանակի մեծ մասն անցկացրել է հիվանդանոցում:
Անցած շաբաթ թագավորի դուստրը՝ արքայադուստր Չուլաբհորնը, ազգային հեռուստատեսության եթերում պատմել է հոր թույլ առողջության մասին:
Աղբյուրը հավելում է, որ Փհումիպոն Ադուլյադեթը Թաիլանդի գահը ժառանգել է 1946թ.: Համարվում է, որ միապետն առանցքային դերակատարություն է ունեցել 1990-ականներին Թաիլանդի ժողովրդավարացման գործում:


















