«Ես ոչ տուն խլող եմ, ոչ՝ մարդ սպանող». «Բարի սամարացու» տերը դատի է տալիս «իրեն զրպարտող» Գայանե Մաթևոսյանին 

19:58 • 24.10.16

«Բարի սամարացի» մսամթերքի արտադրամասի հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը առաջիկայում դիմելու է դատարան՝ ընդդեմ քաղաքացի Գայանե Մաթևոսյանի, որը Tert.am-ին հայտարարել է, թե կասկածում է «Բարի սամարացի» ընկերության ղեկավար Հովհաննես Հովակիմյանին իր հորաքրոջ՝ Սուսաննա Աբրամովայի տանը խարդախությամբ տիրանալու և մահվան պատճառը դառնալու մեջ: Ըստ այդմ՝ Հովհաննես Հովակիմյանը պատրաստվում է Գայանե Մաթևոսյանի դատարան կանչել՝ տևական ժամանակ մամուլում «իրեն զրպարտող, իր անունն ու պատիվը արատավորող» հայտարարությունների համար: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարի սամարացու» սեփականատերը:

«Բոլոր ինձ ճանաչողները, ինձ հետ առնչվածները գիտեն, որ էդ կնոջ մեղադրանքները իրականության հետ ոչ մի կապ չունեն ու չեն կարող ունենալ: Ես ոչ տուն խլող եմ, ոչ մարդ սպանող: Ես տան կարիք չունեմ, ես եմ տուն տալիս, կամ էդ ճանապարհով ես ո՞նց կարող եմ տուն վերցնել, դա անեծք կդառնար իմ վրա: Ես փողը տվել առել եմ էդ տունը, որպեսզի օգնեմ իմ հոգևոր քույր Սուսաննային բուժման հարցում: Նրա բարեկամուհին ուղղակի ուզում է շանտաժ անել»,- ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ Սուսաննա Աբրամովայի մահից հետո, որը քաղցկեղով հիվանդ էր, Գայանե Մխիթարյանի ամուսինը իմանալով, որ Սուսաննան տունը իրեն է վաճառել, զանգել ու իրենից շանտաժով գումար է ուզել, որը ինքը չի տվել: Դրանից հետո սկսվել են Գայանեի բողոքները տարբեր ատյաններ:

Նշենք, որ Tert.am-ի խմբագրություն էր դիմել քաղաքացի Գայանե Մաթևոսյանը, որն ասել էր, որ  կասկածում է «Բարի սամարացի» ընկերության ղեկավար Հովհաննես Հովակիմյանին իր հորաքրոջ՝ Սուսաննա Աբրամովայի տանը խարդախությամբ տիրանալու և մահվան պատճառը դառնալու մեջ: 50-ամյա Սուսաննա Աբրամովան, 2016թ. օգոստոսին է մահացել: Բացի այդ, Գայանե Մաթևոսյանը նաև դիմել է Գլխավոր դատախազություն, որտեղ այժմ քննություն է գնում:

Խոսքը Գայանե Մաթևոսյանի բարեկամուհու՝ Սուսաննայի տան մասին է, որն այժմ, համաձայն կադաստրի առքուվաճառքի պայմանագրի, պատկանում է Հովհաննես Հովակիմյանի որդուն: Մինչդեռ Գայանե Մաթևոսյանը հայտարարել է, թե գործարքը կեղծ է:    

«Ես օրինական գնել եմ էդ տունը 23 մլն դրամով, ինքը՝ Սուսաննան խնդրեց, որ տունը առնեմ ու դա մնա իր անունով մինչև դեսպանատան թղթերը դասավորի, գնա Գերմանիա բուժվելու: Էս անիրավ կինը ուղղակի ուզում է ինձ շանտաժի ենթարկել: Ես էդ մարդը չեմ, որ տուն խլեմ: Ես իմ տներն եմ ուրիշներին տալիս, որ ապրեն:  Բոլոր հարևանները պատրաստ են վկայություն տալ, ասել, թե ով է էդ կինը ու ինչ է արել հենց հարևանների հանդեպ: Թող դատախազությունը, ով ուզում է քննի, ես գիտեմ, որ մաքուր եմ, ես էդ տունն առել եմ, բացի դրանից, օգնել եմ իմ հոգևոր քրոջը: Եթե ինքը լավ բարեկամուհի էր, գոնե մի օր կխնամեր Սուսաննային ու կիմանար, որ տունը վաճառել է, կիմանար՝ ինչ է արել գումարները, բոլոր հարևանները կարող են վկայել, ով և ոնց է պահել Սուսաննային: Ես որոշ ժամանակ լռել եմ, չեմ ուզել իր անհեթեթ հերյուրանքներին պատասխանել, բայց հիմա ստիպված եմ դատի տալ»,- ասաց Հովակիմյանը:

Հովհաննես Հովակիմյանը պատմեց, որ գումարը մաս-մաս վճարել է Սուսաննային մինչ կադաստրով գործարքը, իսկ վերջին 3 մլն-ն, որը մնացել էր, Սուսաննան պետք է Գերմանիայում ծախսեր, սակայն դա փաստորեն, նրա հուղարկավորության ու գերեզմանի վրա ծախսվեց: «Այդ բարեկամուհին Սուսաննայի մահից հետո եկել, ասել էր՝ թաղումը ես եմ անելու, հետո պարզվեց անգամ գերեզմանի տեղը չի վերցրել, հաջորդ օրը թաղումը պիտի լիներ, գերեզման չկար, 40 հազար դրամանոց դագաղ էր պատվիրել: Որ չիմացա, ասեցի հրաժարվեք, իմ հոգևոր քույրն է, ես կանեմ, թաղման ու գերեզմանի համար ենք օգտագործել երեք միլիոնը ու մի բան էլ ավելի: Սուսաննան ուզում էր գնար Գերմանիա բուժվեր, բայց իր առողջական վիճակը թույլ չէր տալիս, դրա համար իր բժշկուհին ասել էր, որ պիտի այստեղ բուժվի, նոր գնա Գերմանիա, ուղղակի ափսոս չհասցրեց»,- պատմեց Հովակիմյանը:

«Բարի սամարացի» ավետարանական եկեղեցու անդամ Հայկուհի Մուրադյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ վերջին 8 ամիսներին ինքն է խնամել Սուսաննային, որն իրենց եկեղեցու անդամ է եղել,  ու Գայանե Միքայելյանը անգամ մեկ օր չի եկել խնամելու քաղցկեղի դեմ պայքարող իր բարեկամուհուն, այն դեպքում, երբ ապրում է նույն փողոցում: «Հարևաններն ու մենք ենք պահել Սուսաննային, ես եմ գիշերը նրա կողքին մնացել, իսկ ինքը մի օր եկավ, հայտարարեց, թե ինքն է բարեկամուհին, բայց երբ ասացինք՝ փամփերսը փոխելու ժամանակն է, թողեց, փախավ: Եթե ինքը լավ բարեկամուհի էր, կխնամեր Սուսաննային ու կիմանար՝ ինչպես է ապրում, հոգում իր բուժման ծախսերը, ինչ ծրագրեր ունի: Բոլոր հարևանները կարող են վկայել, ով և ոնց է պահել Սուսաննային: Սուսաննան էնպիսի անձնավորություն էր, որ չէր սիրում ուրիշի հաշվին ինչ-որ բան անել, պարտք մնալ, անգամ ինձ ասել է՝ ամաչում եմ Հովակիմյանից գումար ուզեմ բուժման համար: Գերմանիա գնալու ծրագիր ուներ, 2015-ի փետրվարին ինքն ինձ ասաց, թե գամ Հովակիմյանի հետ խոսեմ, իմ տունն ինքն առնի, թե չէ դժվար կարողանամ շուտ վաճառել, բայց նաև էնպես լինի, որ ես մնամ մեջը մինչև Գերմանիա գնալս: Ինքը որոշեց, որ տունը իր կյանքից թանկ չի ու ավելի լավ է վաճառի՝ գնա Գերմանիայում բուժվի»,- նշեց Հայկուհի Մուրադյանը: