Քլինթոնը հաղթել է Թրամփին 8 ընտրող ունեցող ամերիկյան գյուղում

10:18 • 08.11.16

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է իր մրցակից Դոնալդ Թրամփին Նյու Հեմփշիր նահանգում գտնվող Դիքսվիլ Նոթչ գյուղում անցկացված քվեարկության արդյունքներով, գրում է meduza.io-ն:


Այս գյուղում գրանցված է միայն ութ ընտրող: Նրանք առաջինն են լրացրել քվեաթերթիկներն ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ չհաշված վաղաժամ քվեարկությունը:


Դիքսվիլ Նոթչում ընտրատեղամասը բացվել է նոյեմբերի 8-ի կեսգիշերին: Քլինթոնը ստացել է չորս ձայն, Թրամփը՝ երկուսը, Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Գերի Ջոնսոնը՝ մեկ ձայն: Եվս մի ձայն է ստացել հանրապետական Միթ Ռոմնին, ում անունն ընտրողն ինքն է գրել քվեաթերթիկում։


Համաձայն Նյու Հեմփշիրի օրենքների՝ բնակավայրերը, որտեղ գրանցված է 100-ից քիչ ընտրող, կարող են սկսել քվեարկությունը կեսգիշերին և փակել ընտրատեղամասերն այն ժամանակ, երբ բոլոր ընտրողները քվեարկեն: