Samsung-ը հրապարակած զեկույցում նշել է Galaxy Note 7-ի բռնկումների պատճառը

11:33 • 23.01.17

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման բազմաթիվ դեպքերի պատճառը եղել են մարտկոցների դիզայնի ու արտադրության հետ կապված տեխնիկական խնդիրները:


Ինչպես նշում է usatoday.com-ը, ընկերության ղեկավարությունը ստանձնել է բռնկումների պատասխանատվությունը՝ մանրամասնելով, որ արտակարգ միջադեպերը պայմանավորված էին մարտկոցների նախագծման և հավաքման գործընթացի շրջանակում եղած թերացումներով:


Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս եզրակացությանը հանգելը, ընկերության 700 մասնագետ փորձարկել և ուսումնասիրել է ավելի քան 200.000 Galaxy Note 7 ու ավելի քան 30.000 մարտկոց:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Samsung-ը հայտարարել էր սմարթֆոնների արտադրության ժամանակավոր դադարեցման մասին, ինչը պայմանավորված էր բռնկման տասնյակ դեպքերով: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում հետ է վերադարձվել գնված Galaxy Note 7-ի 93%-ը: Մինչդեռ համաշխարհային շուկայում հետ է վերադարձվել 2.5 մլն Glaxy Note 7 սմարթֆոն:


Ավելի վաղ The Wall Street Journal-ը` վկայակոչելով ընկերության զեկույցին ծանոթ աղբյուրների, նշել էր, որ հարավկորեական Samsung ընկերությունը հետաքննություն է անցկացրել և պարզել Galaxy Note 7 սմարթֆոնների բռնկվելու պատճառը։ Զեկույցը նախատեսվում էր հրապարակել հունվարի 23-ին, ինչն էլ արվել է ըստ նախատեսվածի։

 

Samsung-ը հրապարակած զեկույցում նշել է Galaxy Note 7-ի բռնկումների պատճառը