Հնդիկ վիրաբույժները փոքրացրել են աշխարհի ամենածանրաքաշ կնոջ ստամոքսը
Հնդիկ բժիշկները բարեհաջող վիրահատել են Եգիպտոսի բնակչուհի Էման Ահմեդ Աբ Էլ Աթիին, որը համարվում է աշխարհի ամենածանրաքաշ կինը: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը:
Նշվում է, որ վիրահատության արդյունքում վիրաբույժներն 85 տոկոսով կրճատել են Ահմեդի ստամոքսի ծավալը: Վիրահատությունը կնոջը կօգնի նվազեցնել օգտագործվող սննդի քանակն ու նիհարել:
«Հենց կնոջ վիճակը կայունանա, նա կվերադառնա իր հայրենի քաղաք և կշարունակի քաշ կորցնել բժիշկների հսկողության ներքո», - պատմել է կնոջ բուժմամբ զբաղվող մասնագետներից մեկը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, 500 կիլոգրամ կշռող կինը մեկնել է Հնդկաստան` պայքարելու կյանքի համար: Այնուհետև նա երեք շաբաթում նիհարել է 100 կգ-ով` նախապատրաստվելով քաշը նվազեցնող վիրահատությանը:










