Հայաստան «Իգլա» զինատեսակի տեղափոխման գործով Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ)
Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են Հայաստան «Իգլա» բերելու գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացու:
Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի իրավապահ մարմինների գրության հիման վրա ընթացիկ տարվա մարտի 27-ին, Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցում՝ Գինու բլուր խաչմերուկում ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետով և 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին:
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին ասել էր, որ հայկական սահմանային անցակետում Հայաստանի երեք քաղաքացիների ձերբակալման գործով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կապի մեջ է Երևանի գործընկերների հետ.«Առայժմ հաստատ չենք կարող ասել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը Հայաստան է տեղափոխվել Վրաստանից: Այս պահին քննվում են մանրամասները: Մենք կապի մեջ ենք հայ գործընկերների հետ և հանրությանը կհայտնենք քննության արդյունքների մասին»:
Հիշեցնենք, որ LՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին, այնուհետև երկու ամսով կալանավորվել է: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՝ նշելով, որ դա իրականացվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ ՔՕ-ի 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:










