Ինչու Եվրոպայի տեսարժան վայրերը չեն լուսավորվել Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի հիշատակին. RT-ի անդրադարձը

14:18 • 04.04.17

Հայտնի է, որ Եվրոպական միության երկրներն աշխարհում տեղի ունեցող խոշոր աղետներից և ահաբեկչական ակտերից հետո տեսարժան վայրերը լուսավորում են տուժած երկրի դրոշի գույներով:

Այսպես, օրինակ, Գերմանիան համերաշխություն է հայտնել ահաբեկչական ակտերից տուժած երկրներին` Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները լուսավորելով Ֆրանսիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսրայելի և այլ երկրների դրոշների գույներով: Սակայն Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գերմանիան հրաժարվել է համերաշխություն հայտնել Ռուսաստանին։

Deutsche Presse-Agentur գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ Բրանդենբուրգյան դարպասները չեն լուսավորվի Ռուսաստանի դրոշի գույներով, քանի որ Սանկտ Պետերբուրգը չի հանդիսանում Բեռլինի գործընկեր քաղաքը, և «բացառություններ պետք է արվեն միայն բացառիկ դեպքերում»:

RT միջազգային տեղեկատվական հեռուստաալիքն անդրադարձել է այն փաստին, որ եվրոպական երկրները Սանկտ Պետերբուրգի աղետի զոհերի հիշատակին չեն լուսավորել իրենց տեսարժան վայրերը` «առաջացնելով միջազգային հանրության զարմանքը»:

«Հետաքրքիր է` արդյոք այս գիշեր Էյֆելյան աշտարակը և Բրանդենբուրգյան դարպասները կլուսավորվե՞ն Ռուսաստանի դրոշի գույներով` որպես ահաբեկչական հարձակումից հետո համերաշխության նշան», - Twitter-ում գրել է The SundayTimes of London թերթի լրագրող Բոյան Պանչևսկին:

«Արդյոք կտեսնե՞նք` ինչպես են Էմփայր Սթեյթ Բիլդինգը և Էյֆելյան աշտարակն այս գիշեր լուսավորվում Ռուսաստանի դրոշի գույներով», - Twitter-ում գրել է հունգարացի լրագրող Դանիել Ռայանը:

RT-ն նշում է, որ Իսրայելն իր ցավակցությունն է հայտնել ահաբեկչական ակտի կապակցությամբ` Թել Ավիվի քաղաքապետարանի շենքը լուսավորելով Ռուսաստանի դրոշի գույներով:

«Համերաշխություն հայտնելով մեր ընկերներին Սանկտ Պետերբուրգում` Թել Ավիվի քաղաքապետարանը լուսավորվել է Ռուսաստանի դրոշի գույներով», - Twitter-ում գրել է Թել Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդաին` հրապարակելով քաղաքապետարանի լուսանկարը:

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 14 մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։  

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սանկտ Պետերբուրգում ապրիլի 4-ից հայտարարվել է եռօրյա սուգ։