Սանկտ Պետերբուրգում եռօրյա սուգ է հայտարարվել
Սանկտ Պետերբուրգում ապրիլի 4-ից հայտարարվել է եռօրյա սուգ՝ մետրոյի կայարաններից մեկում որոտացած պայթյունի կապակցությամբ: Համապատասխան հանձնարարություն է տվել նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Այս մասին Twitter-ում հայտնել է նահանգապետարանի մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Կիբիտովը։
Նշվում է, որ հեռուստա և ռադիոալիքներին կոչ են արել փոփոխել իրենց ծրագրերն ու հրաժարվել ժամանցային ծրագրերից:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին:
«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ մետրոյում տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի «Площадь Восстания» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի պայթյունի ենթադրյալ կազմակերպչի լուսանկարը:










