Մենք չենք պատրաստվում մտնել Սիրիա. Թրամփ

08:41 • 12.04.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում ասել է, որ «Սիրիա մտնելու որևէ մտադրություն չունի»՝ չնայած, որ անցած շաբաթ կարգադրել էր 59 թևավոր հրթիռ արձակել  սիրիական ավիաբազաներից մեկի ուղղությամբ:

«Մենք չենք պատրաստվում մտնել Սիրիա: Բայց երբ տեսա՝ ինչպես են մարդիկ սարսափելի քիմիական զենքերն օգտագործում ու ինչպես են անմեղ փոքրիկները դրա պատճառով մահանում իրենց հայրերի գրկում, անհապաղ կանչեցի գեներալ Մեթիսին (Պենտագոնի ղեկավար-Tert.am)»,-նշել է Թրամփը՝ մեկնաբանելով աննախադեպ հրթիռակոծումը:

Նա նաև մանրամասնել է, որ իր արածը պետք է արվեր դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք:

«Կարծում եմ, որ այդ դեպքում Սիրիայի վիճակը հիմա շատ ավելի լավ կլիներ»,-շարունակել է 70-ամյա ղեկավարը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել էր, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»։