Գլոբալ կիբեռհարձակումն իրականացնողներն ավելի քան 40.000 դոլար են ստացել. լրատվամիջոցներ

13:13 • 15.05.17

Աշխարհի 150 երկրի հարյուր հազարավոր բնակիչներին վնաս պատճառած կիբեռհարձակումը կատարողներն ավելի քան 42.000 դոլար են ստացել, սակայն կիբեռհարձակման զոհ դարձածների ուղարկած գումարները շարունակում են հաշվեհամարներին մնալ:

Ինչպես նշում է ria.ru-ն՝ հղում անելով Times-ին, Եվրապոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթն ավելի վաղ հայտարարել էր, որ կիբեռհարձակումը կարող է շարունակվել նաև երկուշաբթի առավոտյան:

Նշվում է, որ հաքերային հարձակման զոհ է դարձել 200.000 մարդ՝ աշխարհի 150 երկրում:

Ուժային կառույցները շարունակում են հետևել 3 առցանց հաշիվներին, որոնց վրա հաքերային հարձակումից տուժածները բիթքոինների տեսքով գումար են ուղարկել:

Աղբյուրը մանրամասնում է, որ հաքերները WannaCrypt0r 2.0 վիրուսակիր ծրագրի միջոցով օգտատերերից պահանջել են գումար փոխանցել նշված հաշիվներին: Եթե օգտատերերը 7 օրվա ընթացքում գումարը չփոխանցեն, ապա վիրուսը կոչնչացնի համակարգչում եղած բոլոր ֆայլերը:

Ըստ մասնագետների՝ վիրուսն առավել ակտիվ տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում և Թայվանում:


Ավելի վաղ Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթը հայտնել է, որ WannaCry վիրուսի տարածման պատասխանատվությունը մասամբ տարբեր երկրների կառավարությունների և հատուկ ծառայությունների վրա է: 

Գլոբալ կիբեռհարձակումն իրականացնողներն ավելի քան 40.000 դոլար են ստացել. լրատվամիջոցներ