Սևանա լճում գտնվել է կորած ձկնորսներից մեկի դին

12:00 • 03.06.17

Սևանա լիճ ձկնորսության դուրս եկած և անհետացած Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչներից մեկի դին հայտնաբերվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը:

Նա նշեց, որ ճշտվում է, թե ձկնորսներից որ մեկի դին է հայտնաբերված: «Առավոտյան ժամը վեցի դրությամբ ձկնորսների օգնությամբ հայտնաբերվել է մեկի դին, մյուսը մինչև հիմա փնտրում են: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,-հայտնեց Նանա Գնդոյանը:

Ավելի ուշ ԱԻՆ կայքը տեղեկացրեց, որ գտնվել է առավոտյան ժամը 06.05-ին ձկնորսները Փամբակ գյուղի ուղղությամբ՝ ափից 2,2 կիլոմետր հեռավորության վրա, Սեւանա լճից դուրս են բերել 1955 թվականին ծնված Կոլյա Սիմոնյանի դին:

Նշենք, որ հունիսի 2-ի գիշերը Արտակարգ իրավիճակների Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչներ, ձկնորսներ Սուրիկ Ասմարյանը և Կոլյա Սիմոնյանը հունիսի 2-ի երեկոյան մոտորանավակով ձկնորսության էին դուրս եկել Սևանա լճում և անհետացել։ Դրանից հետո ժամը 01։08-ից մինչև ժամը 04։00-ն ջրափրկարարներն իրականացրել էին որոնողական աշխատանքներ Սևանա լճում, սակայն ուժեղ քամու պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։