G20 գագաթնաժողովի առաջին օրը հրաշալի է անցել. Թրամփ (տեսանյութ)

09:36 • 08.07.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ G20 գագաթնաժողովի առաջին օրը հրաշալի է անցել և որ ինքն անհամբեր սպասում է միջոցառման հաջորդ օրվան: Այս մասին 71-ամյա ղեկավարը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Համբուրգում՝ G20 գագաթնաժողովին, համաշխարհային առաջնորդների հանդիպման առաջին օրը հրաշալի էր: Երկրորդ օրվա սպասումով»,-գրել է Թրամփը:

Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում հրապարակել է գագաթնաժողովի  ժամանակ արված լուսանկարների տեսաշար:

Հիշեցնենք, որ նախօրեին գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թրամփի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին պաշտոնական հանդիպումը, որը նախատեսվածից ավելի երկար է տևել:


Ինչպես նշում են լրատվամիջոցները, Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը Համբուրգում նախատեսված կես ժամի փոխարեն 2 ժամ 20 րոպե է տևել:

Հանդիպման ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը բանակցությունների մեծ մասը Սիրիայի խնդրին են նվիրել:

Մինչդեռ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Պուտինի ու Թրամփի հանդիպումը կառուցողական էր, ու հաստատել է փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում նրանց վճռականությունը: