Despacito հանրահայտ երգի հեղինակին զայրացրել է Վենեսուելայում հանրահավաքների ժամանակ երգի օգտագործումը (տեսանյութ)

12:40 • 25.07.17

Պուերտոռիկացի երաժիշտ, Despacito հանրահայտ երգի հեղինակ Լուիս Ֆոնսիին զայրացրել է Վենեսուելայի իշխանությունների՝ երգը քաղաքական հանրահավաքների ժամանակ օգտագործելու որոշումը: Այս մասին երաժիշտը գրել է Twitter-ում:

Հայտնի է, որ հուլիսի 23-ին փոփոխված տեքստով երգը հնչել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների կազմակերպած միջոցառման ժամանակ. նախագահը կոչ է արել քաղաքացիներին մասնակցել ազգային հիմնադիր ժողովի ընտրություններին, որոնք կկայանան հուլիսի 30-ին:

«Ես երգն օգտագործելու կամ դրա բառերը քաղաքական նպատակներով փոխելու թույլտվություն չեմ տվել: Իմ երաժշտությունը չի կարող օգտագործվել քարոզչական նպատակներով», - գրել է Ֆոնսին:

Վենեսուելայում արդեն մի քանի ամիս շարունակվում է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության միջև դիմակայությունը: Դժգոհության պատճառ է դարձել խոր տնտեսական ճգնաժամը, որը ծագել է նավթի՝ գլխավոր արտահանվող ապրանքի գնի անկման ֆոնին: Երկրում անկարգությունները շարունակվում են ապրիլի սկզբից:

Հիշեցնենք, որ Լուիս Ֆոնսիի և Daddy Yankee-ի համատեղ ձայնագրած Despacito երգը հունվարին ներկայացվելուց ի վեր աշխարհի 45 երկրում գլխավորում է Billbaord-ի երաժշտական հիթ շքերթները։

 

 

Despacito հանրահայտ երգի հեղինակին զայրացրել է Վենեսուելայում հանրահավաքների ժամանակ երգի օգտագործումը (տեսանյութ)