Ծխախոտի դեմ պայքարի շրջանակներում տուգանքները, վերահսկողությունը կհստակեցվեն մշակված օրենսդրական նախագծերում. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ծխելու դեմ պայքարի ռազմավարության ընդունմանն ասաց, որ այն նախատեսում է 4-5 ուղղություն:
«Այդ ուղղություններն են օրենսդրական դաշտի փոփոխություն, հասարական վայրերում ծխելու և ծխախոտի դեմ պայքարի վարելու հստակեցում, դեռահասների և ուսանողների շրջանում իրազեկման բարձրացում, զորակոչիկների շրջանում, բժիշկների, առողջապահական առաջին օղակների կարողությունների բարձրացում, տարբեր տեսակի ուղեցույցների, ծրագրերի մշակում՝ ծխախոտի կախվածությունից»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր ընդունված ռազմավարությամբ նախատեսվում է 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև 10%-ով:
Նախարարն ասաց, որ երկրորդային ծխից պաշտպանելու համար պետք է խստացնեն հասարակական վայրերում ծխելու թույլատվության հարցը և առաջնային է վերահսկող կազմակերպության իրավասությունների և պատասխանատվության շրջանակների հստակեցումը:
Ինչ վերաբերում է տուգանքներին, վերահսկման մեխանիզմներին, ապա նախարարն ասաց, որ ռազմավարությունը չի նախատեսում այդ հարցերի պատասխանները: «Այդ հարցերի պատասխանները դուք կլսեք կոնցեպտի ներքո մշակված օրենսդրական նախագծերում, որը կլինի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,- ասաց նա: Նա չբացառեց տուգանքի հնարավորությունը, սակայն նշեց, որ դա օրենսդրական կարգավորման հարց է:
Հարցին, թե ծխախոտ ներմուծող և արտադրող ընկերությունների կողմից լոբբիստական քայլեր նկատե՞լ են նախագծին դեմ, Լևոն Ալթունյանն ասաց, որ նման գործունեության ազդեցություն չի զգացել: Նախարարն ասաց, որ այդ ընկերությունների կարծիքը նախագծի մասին չեն հարցրել:
Հարցին, թե շարունակում է կարծել, որ ծխողներն անհաջողակ են, Լևոն Ալթունյանն ասաց.«Ես կարծում եմ, որ երիտասարդ սերունդը մեծացնելիս իրենց մոտ պետք է ձևավորել այդպիսի կարծիք»:










