ՍԴ որոշումը ենթադրում է, որ ավագանին լուծարվում է, և Վանաձորում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ. Էդմոն Մարուքյան
Ըստ էության մեր դիմումը բավարարված է, և որոշումն ուժի մեջ կմտնի մյուս տարի մարտի 31-ին. Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ-ի վճռից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Ըստ նրա՝ սահմանված ժամկետը պայմանավորված է իրավական անվտանգության սկզբունքն ապահովելու համար:
«Բայց սկզբունքի կիրառումը լրջորեն ազդում է արդարության սկզբունքի վրա, և քաղաքական մեծամասնությունը պետք է դրանից հետևություններ կատարի, և նաև ժողովուրդն իր քաղաքական կամքն արտահայտի հերթական ընտրությունների ժամանակ՝ պատասխանատվության հարց բարձրացնելով»,-ասաց նա և նշեց, որ որպես քաղաքական փաստաթուղթ՝ դեռ կուսումնասիրեն և հետևություն կանեն:
«Սա պատգամ էր օրենսդիր մարմնին, քաղաքական մեծամասնությանը, որը չի կարող շեղվել հանձնարարականից, որ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հետագայում նախագծեր մշակելիս հաշվի առնի այս իրավական դիրքորոշումները և հաշվի առնի քաղաքական փոքրամասնության հնարավորությունները»,-ասաց նա:
Հարցին, թե նման որոշումը ճգնաժամի չի՞ հանգեցնի, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, թե իրենք նշում էին, որ տվյալ դրույթն ասում է, որ ավագանին եթե մեկ տարում չի կարողանում նիստեր գումարել, այն պետք է ցրի, և դրա համար երկու տարբերակ կա՝ կա՛մ կառավարությունն է լուծարում ավագանին, որի դիմումը մերժվել էր, կա՛մ մեխանիկորեն լուծարումն է, քանի որ ժամկետը լրացել է:
«Հիմա իրենք ասում են՝ քանի որ նիստեր ենք գումարում, հետևաբար ժամկետն ընդհատվել է, մինչև հունվար չենք կարողացել անել, հիմա հունվարից հետո այս նորմով նիստեր են գումարվել: Հիմա իրենք ասում են՝ քանի որ ժամկետն ընդհատվել է, չպետք է լուծարվենք: Հիմա ՍԴ-ն ասում է, որ այն նորմով, որ նիստեր եք արել ու իբր քվորում եք արել, հակասահմանադրական է, և ըստ էության ավագանին պետք է լուծարվի»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, թե կուսումնասիրեն որոշումը, որ եթե լուծարվում է ավագանին, ինչ է տեղի ունենում:
«Իսկ ի՞նչ է տեղի ունենում՝Վանաձորում. տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, այսինքն՝ քաղաքական լուծումը կարող է սա լինել, կամ երկրորդը՝ մանդատագող քաղաքապետը հրաժարական տա, ավագանին հավաքվի և ընտրի նորից քաղաքապետ: Բայց այստեղ արդեն հարց է առաջանում, թե որքանով է ավագանին լեգիտիմ, քանի որ մեկ տարի չի գործել և անգործության ժամկետը լրացել է, այսինքն՝ կա՛մ կառավարությունը պետք է լուծարի, կա՛մ ավտոմատ լուծարվի»,-ասաց նա:










