Կիևի դատարանն ազատ է արձակել Միխեիլ Սաակաշվիլիին

22:47 • 11.12.17

Կիևի դատարանն ազատ է արձակել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս կերպ դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սաակաշվիլին ազատ է արձակվել Վերին Ռադայի պատգամավորների երաշխավորությամբ. նիստի ընթացքում 10 ուկրաինացի պատգամավոր պատրաստակամություն է հայտնել երաշխավոր լինել Սաակաշվիլիի համար:

Նշվում է, որ դատական նիստի սկզբում Սաակաշվիլիի փաստաբանները խնդրել են դուրս թողնել նրան այսպես կոչված «ակվարիումից»՝ հետաքննության տակ գտնվողների համար նախատեսված ապակե կառույցից, և նրանք խնդրանքը բավարարվել է:

Դատարանի դահլիճում Սաակաշվիլին ասել է, որ ինքը ռազմագերի է համարում իրեն, իսկ տնային կալանքն անվանել է իրեն քաղաքական գործունեությունից հեռացնելու փորձ:

Նշվում է, որ Սաակաշվիլին իր աջակիցների հետ երգել է Ուկրաինայի և Վրաստանի օրհներգները:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին դատական հայց է ներկայացրել Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ:

Փաստաբանի խոսքով՝ Սաակաշվիլին դատի է տվել Լուցենկոյին, քանի որ գլխավոր դատախազն իրավունք չուներ հրապարակել նախադատական քննության նյութերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կալանքի տակ գտնվող Սաակաշվիլիի կողմնակիցները երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ իմպիչմենթի երթ են իրականացրել, որին հաջորդել է հանրահավաքը Կիևի Անկախության հրապարակում, որին հարյուրավոր մարդիկ են մասնակցել: