Իսրայելը սահմանային միջադեպերից հետո փակել է օդային տարածքի զգալի մասը
Իսրայելի ավիացիոն իշխանությունները փակել են երկրի զգալի հատվածի օդային տարածքը, թեև երկրի գլխավոր օդանավակայանը շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով՝ չնայած իրանական անօդաչուի հետ կապված միջադեպին ու դրան հետևած դեպքերին, գրում է РИА Новости գործակալությունը:
Իշխանությունները խոստովանել են, որ ստիպված են եղել 15-20 րոպեով սպասեցնել Դավիդ բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրացող ինքնաթիռները, ինչպես նաև այդտեղ վայրէջք կատարողներին:
Նշվում է, որ այժմ օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով, երկրի օդային տարածքը փակ է Թել Ավիվից 20 կմ հեռավորության վրա գտնվող Շֆաիմ բնակավայրից դեպի հյուսիս՝ բոլոր տեսակի թռիչքների համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, այս գիշեր իսրայելցի զինվորականներն իրանական անօդաչու են խոցել, որն արձակվել էր Սիրիայի տարածքից և հատել իսրայելական սահմանը: Խոսքն անօդաչուների կառավարման «իրանական համակարգերի» մասին է։ Այդ ժամանակ միացել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը։ Դրա արձակած կրակի հետևանքով Իսրայելի հյուսիսային որոշ շրջաններում միացել է օդային տագնապի ազդանշանը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Իսրայելը կորցրել է 1 հատ F-16 կործանիչ, որի երկու օդաչուներն ինքնանետվել են և տեղափոխվել հոսպիտալ։ Այս առիթով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն անվտանգության հարցով խորհրդակցություն է անցկացնում ու գործողությունները ղեկավարում իրական ժամանակի ռեժիմում:










