Մեկ մարդ է զոհվել Ֆրանսիայի հարավում պատանդներ վերցնելու հետևանքով
Առնվազն մեկ մարդ է զոհվել Ֆրանսիայի հարավում պատանդառության հետ կապված միջադեպի հետևանքով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ ոստիկանական գործողություն է ընթանում երկրի հարավում գտնվող Տրեբ փոքր քաղաքում։
Զինված անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել, այնուհետ քաղաքի Super U սուպերմարկետում պատանդներ վերցրել: Զինված անձը հայտարարել է, որ աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: AP գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությունից պաշտոնյայի, հայտարարել է, որ պատանդ վերցնողն առնվազն մեկ մարդ է սպանել սուպերմարկետի ներսում:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը Twitter-ում հայտնել է, որ ընթանում են ոստիկանական գործողություններ:
Օդ շրջանի իշխանությունները նախազգուշացրել են մարդկանց խուսափել սուպերմարկետին հարող տարածքից:
AFP գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին, հայտնում է, որ միջադեպը գնահատվում է որպես ահաբեկչություն:
Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի հարավում գտնվող մեկ այլ քաղաքում՝ Կարկասոնում, ոստիկան է վիրավորվել կրակոցից: Դեռևս պարզ չէ, թե արդյոք այդ երկու միջադեպերը կապված են:










