Քիթ Հարինգթոնը հայտնել է «Գահերի խաղի» նկարահանումների ավարտի մասին

12:20 • 11.07.18

Անգլիացի դերասան Քիթ Հարինգթոնը, որը կատարում է Ջոն Սնոուի դերը սիրված «Գահերի խաղը» հեռուստասերիալում, հայտարարել է նախագծի վերջին եթերաշրջանի նկարահանումների ավարտի մասին: Համապատասխան գրառումը նա արել է Instagram–ում:

«Գահերի խաղի» նկարահանումները պաշտոնապես ավարտված են», - գրել է Հարինգթոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, որը «Գահերի խաղը» ֆիլմում հանդես է եկել Արյա Սթարկի դերում, հայտարարել է սերիալում իր մասնակցությունն ավարտելու մասին: 

Էմիլիա Քլարկը, որը կատարում է Դեներիս Թարգարիենի դերը, հուզիչ գրառման տեսքով հրաժեշտ է տվել իր երկրորդ «տանը»՝ Վեստերոսին:

Սպասվում է, որ «Գահերի խաղի» վերջին՝ ութերորդ եթերաշրջանը լույս կտեսնի 2019 թվականի ամռանը: Այն բաղկացած կլինի 6 դրվագից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը կլինի ավելի քան մի ժամ և, դերասանների հայտարարությունների համաձայն, կդառնա հեռուստասերիալի «ամենաարյունալի» եթերաշրջանը: