ՌԴ-ում կործանված ուղղաթիռում եղել է ևս մի հայ. լրատվամիջոցներ
Նախօրեին Ռուսաստանի Կոստրոմայի մարզում կործանված AS 350 B3 ուղղաթիռում, բացի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Սահակ Կարապետյանից, եղել է ևս մի հայ՝ Արեգ Հարությունյանը (Арэк Аратюнян), հայտնում է mk.ru-ն՝ «112» հեռուստաալիքին հղումով:
Հիշեցնենք, որ ուղղաթիռում գտնվող բոլոր 3 անձինք զոհվել են:
ՌԴ Քննչական կոմիտեն արդեն հայտնել է դեպքի առնչությամբ քրեական գործի հարուցման մասին:
«Heliport Москва» համալիրին պատկանող ուղղաթիռը թռիչքն իրականացրել է առանց թույլտվության: Այն ուղևորվելիս է եղել Սպասսկոյե գյուղական համայնք, սակայն չհասնելով նշանակված վայր՝ կործանվել է Վոնիշևո գյուղի մոտակայքում:
Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ կարող էր հանդիսացած լինել օդաչուի՝ մութ պայմաններում տեղանքում չկողմնորոշվելը: Չի բացառվում նաև վառելիքի սպառված լինելու վարկածը:










