Հայաստանում կայացել է փորձի փոխանակման երիտասարդական ծրագիր՝ «Առաջնորդություն» խորագրի ներքո (լուսանկարներ)

17:16 • 16.10.18

Եվրամիության հովանու ներքո հոլանդական «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» («BRIGHT FUTURE) հ/կ կողմից Հայաստանում հաջողությամբ իրականացվել է միջազգային նախագիծ՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդների մասնակցությամբ (Նիդերլանդներ, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան, Հայաստան)։ «Առաջնորդություն» խորագրի ներքո սփյուռքահայ և օտարազգի երիտասարդները 7 օր են անցկացրել Հայաստանում՝ Բյուրականի հյուրանոցային համալիրներից մեկում։ Ծրագրի հիմնական նպատակն էր ոչ-ֆորմալ ուսումնական մեթոդներով երիտասարդ մասնակիցների և ուսանողների շրջանում զարգացնել առաջնորդին հատուկ որակներ և գիտելիքներ՝ տարբեր հետաքրքիր, ինչպես նաև ուրախ ինտերակտիվ խաղերի և միջոցառումների շրջանակներում, որոնք պարբերաբար ընդհատվել են մասնակիցներին ակտիվացնող կարճ երգ ու պարով, մարմնավարժություններով՝ ուսումնական գործընթացին հաղորդելով ակտիվություն և բարձր տրամադրություն։

Միջազգային նախագծի մասնակիցները տեղակայվել են «միջազգային» սենյակներում՝ նախապես չիմանալով իրենց հարևանների անունները։ Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ նման իրավիճակում երիտասարդները սովորում են լինել հանդուրժող, ճկուն վարքագիծ են դրսևորում՝ միմյանց հետ հարմարվելու համար, դառնում են էլ ավելի համբերատար, հոգատար, ծանոթանում են միմյանց մշակույթին, ազգին բնորոշ վարքագծին, զարգացնում են արագ լեզու գտնելու և շփվելու ունակություններ։

Մասնակիցներն ընտրվել են մոտիվացիոն նամակների, այնուհետև՝ հարցազրույցների արդյունքում: Այդպիսով՝ նախագծին են միացել խելացի, առաջատար մասնագետներ և խոստումնալից երիտասարդներ, ովքեր մեծ ցանկություն են հայտնել զարգացնել կամ գտնել իրենց մեջ առաջնորդին հատուկ հմտություններ։

Առաջին օրը երիտասարդները միմյանց ներկայացրել են իրենց երկրների առաջնորդներին, փորձի և տեղեկատվության փոխանակում են իրականացրել՝ ոչ-ֆորմալ միջավայրում։ Նրանցից յուրաքանչյուրը կերպարանափոխվել է՝ նմանակելով  այն առաջնորդին, ումով հպարտանում էր։

Նախագծի շրջանակներում երիտասարդները փորձի փոխանակում են ունեցել Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի և Եվրոպական երկրներում հայկական համայնքների հետ կապերի բաժնի ղեկավար Կարեն Ավանեսյանի հետ։ Նրանք ժամանել են Բյուրական, շփվել երիտասարդների հետ, պատասխանել նրանց բոլոր հարցերին, տվել խորհուրդներ։ Նրանք մասնակցել են «Առաջնորդ կամ մենեջեր» զարգացնող խաղին՝ աջակցելով թիմակիցներին հասկանալ և տարբերակել առաջնորդի և մենեջերի պարտականությունները։   

Նախագծի մասնակիցները հանդիպել են նաև Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Երիտասարդների խոսքով՝ նախարարին հաջողվել է մոտիվացնել իրենց և ուղղորդել նորանոր գործնական և անձնական ձեռքբերումներ և հաղթանակներ։ Իսպանացի երկու երիտասարդներ՝ Պաուլան և Խավիերը իրենց՝ «Ժողովրդավարություն» խորագրով գիտական աշխատանքն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով զրուցել են Սփյուռք իփոխնախարար Արամայիս Գրիգորյանի, ինչպես նաև՝ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։ Նրանք տպավորված նշել են, որ Իսպանիայում նախարարների և այլ պաշտոնյաների հետ նմանատիպ ընկերական և ոչ-ֆորմալ զրույց դժվար է պատկերացնել ։   

Սպորտային օրը կազմակերպվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում (նախկին «Միկա» մարզադահլիճ)։ Մինչ խաղերին անցնելը՝ երիտասարդ մասնագետները հանդիպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի, ինչպես նաև՝ օլիմպիական խաղերի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանի, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի հետ, ArmFC սպորտային ընկերության ղեկավար Հայկ Ղուկասյանի հետ։ Նրանք կիսվել են իրենց հաջողություններով, մարզական ձեռքբերումներով, պատմել դրանց հասնելու ճանապարհին ունեցած դժվարությունների մասին: Երիտասարդները և հանդիպմանը մասնակից մարզիկները բացթյա մարզումներ ու մրցումներ են անցկացրել:

Մեկ այլ օրվա շրջանակներում մասնակիցները քննարկել են հաջողված և անհաջող բիզնեսային օրինակներ, կիսվել սեփական դրական և բացասական պատմություններով, փորձի փոխանակում ունեցել գործարար Հայկ Սիմոնյանի հետ, ով իր օրինակով փորձել է երիտասարդներին մոտիվացնել Հայաստանում սեփական բիզնես հիմնել, չվախենալ դժվարություններից և չբավարարվել գրանցված հաջողություններով՝ միշտ ձգտելով առավելագույնին։ Արդյունքում ծրագրի մասնակիցներին հաջողվել է ընդամենը 20 րոպեում՝ թիմային արդյունավետ համագործակցությամբ, ստեղծել սեփական սթարթ-ափ նախագծերը, որոնք նրանք պատրաստվում են մոտ ապագայում իրականացնել Հայաստանում։

Տպավորիչ էր հանդիպումը «ՄԵՐ ՏՈՒՆ» հ/կ մանկատան երիտասարդ աղջիկների և հ/կ տնօրինության հետ։ Արտասահմանցի և սփյուռքահայ մասնակիցներն ակտիվ շփվել են նրանց հետ՝ փորձելով զարգացնելով աղջիկների շրջանում խոսակցական անգլերենի մակարդակը։

Արտասահմանցի երիտասարդները հիացած էին հայկական հյուրընկալությամբ. նախագծի շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան սեփական փորձի արդյունքում զգալ, թե ինչ հյուրասեր և ջերմ ազգ են հայերը:

«Առաջնորդները Աշտարակ քաղաքում» ակտիվության շրջանակներում թիմերի բաժանված մասնակիցները ունեին հետաքրքիր թիմային առաջադրանքներ. օրինակ՝ մի թիմը պետք է անվճար կարողանար կտրել մասնակից տղաների մազերը, մյուսը՝ գումար վաստակել և/կամ, դռնեդուռ ընկնելով, սնունդ խնդրել։

Երիտասարդները վստահեցրել են, որ այս փորձը նրանց ոչ միայն անծանոթ քաղաքում գոյատևելու և մարդկանց հետ ժեստերի լեզվով խոսելու բացառիկ հնարավորություն է տվել, այլև ապացուցել է, որ Հայաստանում ապրում են միայն բարի, հյուրընկալ և ուրախ մարդիկ։

«Իհարկե, նախագծի հիմնական նպատակն էր պատրաստել տարբեր ասպարեզներում գործունեություն ծավալող առաջնորդներ, սակայն ուրախությամբ կարող ենք նշել, որ ինչպես նախորդ տարի (խորագիրը՝ «Միջմշակութային հաղորդակցություն»), այս տարի ևս մեր ծրագիրը ոչ միայն ուսումնական և տեղեկատվական բնույթ կրեց մասնակիցների համար, այլ իր չափով նպաստեց Հայաստանի հանդեպ սփյուռքահայ և օտարազգի երիտասարդների հետաքրության առաջացմանը»,- նշել է ծրագրի ղեկավար, հոլանդական «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ հիմնադիր-տնօրեն Մարիամ Կիրակոսյանը՝ նշելով, որ բոլոր մասնակիցները ցանկանում են վերադառնալ Հայաստան:

«Նախագիծը միանշանակ համարում ենք ստացված. դրանց ապացույցը երիտասարդների (թե՛ տղա, թե՛ աղջիկ) արցունքներն էին ծրագրի ավարտին։ Նրանցից ոչ մեկը չէր ցանկանում լքել Հայաստանը. Ավստրիական խմբի ղեկավար Քսենիան հետադարձի նոր տոմս գնեց՝ երկու օրով հետաձգելով իր թռիչքը։ 

Նախագծի ավարտին մասնակիցներն արժանացան նոմինացիաների և սերտիֆիկատների»,-ասել է Կիրակոսյանը:

Երիտասարդական այս նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական և արտասահմանյան լրատվամիջոցների մոտ։ Ծրագրի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է հոլանդա-հայկական «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ» պարբերականը։

Նմանօրինակ երիտասարդական մեծ նախագծերը խրախուսելի են, քանի որ դրանք ոչ միայն ուսուցողական են, այլ նաև հնարավորություն են տալիս ստեղծել նորանոր նմանատիպ ծրագրեր՝ երիտասարդներին հուզող խնդիրներին և հետաքրքրություններին ուղղված։












Հայաստանում կայացել է փորձի փոխանակման երիտասարդական ծրագիր՝ «Առաջնորդություն» խորագրի ներքո (լուսանկարներ)