«Կոչ ենք անում Կիևի արևմտյան հովանավորներին սանձել ուկրաինական իշխանություններին». Լավրովն ու Պեսկովն արձագանքել են Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպին
ՌԴ նախագահի գրասենյակն ու արտաքին գործերի նախարարությունն արձագանքել են Կերչի նեղուցում Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
«Դա շատ վտանգավոր սադրանք էր, որը հատուկ ուշադրություն և պարզաբանում է պահանջում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է russian.rt.com-ը:
Իր հերթին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միջադեպը Կիևի կողմից սադրանք է անվանել, գրում է interfax.ru-ն:
Լավրովի խոսքով՝ Ուկրաինան խախտել է միջազգային իրավունքի նորմերը և սպառնալիք ստեղծել Կերչի նեղուցի շրջանում նավերի տեղաշարժի համար:
Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելը ՌԴ ԱԳՆ ղեկավարը Կիևի կողմից «իրավիճակից դուրս գալու» փորձ է անվանել: Նա կոչ է արել Արևմուտքի երկրներին հետ պահել Կիևին կոնֆլիկտի սրումից:
«Խստորեն կոչ ենք անում Կիևի արևմտյան հովանավորներին սանձել բոլոր նրանց, ովքեր փորձում են ռազմական հիստերիայի ֆոնին քաղաքական միավորներ շահել սպասվող ընտրությունների հետ կապված»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, համացանցում են հայտնվել Ազովի ծովում ՌԴ սահմանը «խախտած» ուկրաինական նավերի լուսանկարներն ու տեսանյութերը:










