Ապարանում «ՔՈ»-ի թեկնածուների քարոզարշավը խոչընդոտելու հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում. ոստիկանություն
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ապարանում խոչընդոտել են իրենց կուսակցության թեկնածուների քարոզարշավը:
Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը տեղյակ է հրապարակմանը. «Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»:
Նշենք, որ ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձինք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել»,- ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։










