Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատրաստվում է անվստահություն հայտնել Մեյի կառավարությանը. Տուսկը կոչ է արել չլքել ԵՄ-ն

10:03 • 16.01.19

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետ Թերեզա Մեյի Պահպանողական կուսակցության անդամներից բաղկացած կառավարությանը, գրում է rt.com-ը՝ հիշեցնելով, որ նախօրեին Համայնքների պալատը մերժել էր վարչապետի՝ «Բրեքզիթ»-ի հարցով ԵՄ-ի հետ կնքած համաձայնագիրը:

Այժմ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հանդես է եկել անվստահության քվե հայտնելու առաջարկով: Եթե Համայնքների պալատի անդամների մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա Մեյին պաշտոնավարելու համար ընդամենը 14 օր կմնա:

«Մեյն աղետալի պարտություն է կրում»,- անվստահության քվե հայտնելու առաջարկը ներկայացնելիս ասել է ընդդիմադիր Քորբինը՝ ընդգծելով, որ վարչապետին ոչ մի կերպ չի հաջողվում կյանքի կոչել «Բրեքզիթ»-ի հարցով լավ գործարք կնքելու խոստումը:

«Նա իսկապես չի կարողանում հավատալ, որ երկու տարի տևած ձախողումից հետո կարող է այս երկրի ժողովրդի համար շահեկան գործարք կնքել: Ամենակարևոր հարցն այն է, որ նրա կառավարությունը կորցրել է Համայնքների պալատի ու երկրի վստահությունը»,-ասել է Քորբինը:

Հայտնի է, որ անվստահության քվե հայտնելու հարցով քվեարկությունը տեղի է ունենալու հունվարի 16-ին:

Ավելի վաղ tert.am-ը հայտնել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Լոնդոնի և Բրյուսելի կողմից երկար բանակցված համաձայնագիրը:

«Ես ցավով եմ ընդունում Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքները»,- հայտարարել է Յունկերը:

Մինչդեռ The Guardian-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, անդրադառնալով իրավիճակին, քողարկված ակնարկ է արել Մեյին՝ կոչ անելով չլքել ԵՄ-ն:

Նա ենթադրել է, որ վարչապետի երեկվա պարտությունն ու Համայնքների պալատի կողմից համաձայնագրի մերժումը կհանգեցնի նրան, որ «Բրեքզիթ» տեղի չի ունենա:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով համազգային հանրաքվեն կայացել էր 2016թ.: Բրիտանացիների մեծ մասն այն ժամանակ քվեարկել էր ԵՄ կազմը լքելու օգտին: Սակայն ներկայում այս հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնելու կոչերն ավելի հաճախ են հնչում: