45 ժամ. Ստամբուլում բնակելի շենքի փլուզումից հետո 16-ամյա տղան գրեթե երկու օր անցկացրել է փլատակների տակ ու ողջ մնացել
Ստամբուլում բնակելի շենքի փլուզումից գրեթե 2 օր անց փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 16-ամյա դեռահասի, որը հրաշքով ողջ է մնացել:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, տղան փլատակների տակ մնացել է ուղիղ 45 ժամ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ տղային տեղափոխել են հիվանդանոց:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, շենքում 12 ընտանիք է բնակվելիս եղել (43 մարդ):
Հատկանշական է, որ շենքի փլուզման պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 1992 թվականին կառուցված շենքը վթարային չէր:
Դեպքի առնչությամբ տարվող հետաքննության լուսաբանումն արգելված է լրագրողների համար:










