Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները դադարեցվեցին. «վաղը կշարունակվեն ավելի շատ ու մեծ ուժերով» (տեսանյութ, թարմացված)

18:52
Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանն Օպերայի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր աշխատանքներն ավարտել են, ևս մի քանի օրվա աշխատանք կա ապամոնտաժելու համար.
«Կարծում եմ՝ վաղը ապամոնտաժման աշխատանքները կշարունակենք ավելի շատ ու մեծ ուժերով, կարևորվում են նաև ծառերը, որոնց համար հատուկ տեխնիկա է անհրաժեշտ, այնուհետև կշարունակեն աշխատանքները, հետո կհեռացվեն տանիքներն ու ապօրինի շինությունները, մյուս օրը կլինեն տեղափոխելու աշխատանքները, հետո բետոնային աշխատանքները կարվեն: Կարծում եմ՝ 10 օր կտևի»:
18.06
Ապամոնտաժման աշխատանքները շարունակելու նպատակով Օպերայի հարակից սրճարանների տարածք կրկին տեխնիկա է բերվել: Տեխնիկան արդեն անցել է ապամոնտաժման աշխատանքին:
Ակցիայի մասնակիցները կրկին փորձում են խոչընդոտել տեխնիկայի աշխատանքները, իսկ ոստիկաններն էլ իրենց հերթին քաղաքացիներին հետ են պահում տարածքից:
Հրմշտոցի հետևանքով կրկին Օպերայի հրապարակում հայտարարեցին, որ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է:
Ոստիկանները շղթա են կազմել ու փորձում են քաղաքացիներին հեռացնել սրճարանի ապամոնտաժման տարածքից, որպեսզի հնարավոր լինի տեխնիկան աշխատի:

17:52
Այսօր Մաշտոցի պողոտայում Օպերային հարակից տարածքների սրճարանների դեմ բողոքի ակցիայի մասնակից 19 քաղաքացի բերվել է ոստիկանություն:
Tert.am-ի հարցին, թե ինչ հիմքով են բերվել քաղաքացիները ոստիկանություն, ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.«Այսօր՝ մինչ այս պահը ցույցի 19 մասնակից բերվել է ոստիկանություն:
Նրանցից 17-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել, երկուսի դեպքում նյութեր են նախապատրաստվում»: Ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանություն բերված 19 քաղաքացիներն ազատ են արձակվել:
17:48
Բախումների հետևանքով վնասվածք է ստացել «Ջազզվե» սրճարանի խոհարար Արթուր Խաչատրյանը: Շտապօգնության ծառայության մեքենայով խոհարարը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:.jpg?1552572856891)
17:10
Մեզ մոտեցավ «Ջազզվեի» ներկայացուցիչը, ասաց, որ խոհանոց կա, խնդրեց, որ գույքը տեղափոխեն և հարցրեց, որ հնարավո՞ր է՝ իրենք ապամոնտաժեն իրենց սրճարանը. Այս մասին լրագրողներին ասաց Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
««Ատլանտիկն» արդեն ապամոնտաժված է, միայն մնացել է մասնատելու և տեղափոխելու հարցը»,- ասաց նա և հավելեց, որ «Ջազզվեի» մասով էլ հարգում են նրանց խնդրանքը:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ ապամոնտաժման աշխատանքները ոչ թե դադարեցվել են, այլ տեխնիկան ժամանակավորապես դուրս է բերվել: «Երկու տեխնիկան վնասել են, մյուս անգամ քանդելիս 10 տեխնիկայով կգանք»,- ասաց Մնացականյանը:
16:46
Օպերային հարակից սրճարաններն ապամոնտաժող տեխնիկան կրկին դուրս բերվեց տարածքից: Ցուցարարները թույլ չտվեցին, որ ապամոնտաժումը շարունակվի: Այս պահին ապամոնտաժման աշխատանքները դադարեցված են:
16:42
Օպերայի հարակից տարածքում ակցիան շարունակվում է։ Հրմշտոց եղավ, որի արդյունքում էլ վատացավ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը. նա միջին տարիքի տղամարդ է:
16:29
Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվելու են հիմա. այս մասին լրագրողներին ասաց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը:
«Մենք պետք է հասկանանք, որ փորձում ենք ստեղծել իրավական երկիր, շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը: Մենք բոլորին ծանուցել ենք մեկ ամիս առաջ, զրուցել ենք տարբեր բիզնեսի ներկայացուցիչների հետ, բոլորը պատշաճ ծանուցված են»,- ասաց նա:
Նրա խոսքով` այդ սրճարանները գերշահույթ են ստանում: «Մենք չենք հավատում, որ ընտանիք պահելու խնդիր ունեն: Բացի դրանից, մենք այս աղեղաձև զբոսայգու աջ կողմը տրամադրում ենք նրանց, որ շարունակեն իրենց գործունեությունը»,- ասաց նա և հավելեց, որ իրենք ընդամենը ցանկանում են օրինականություն՝ Օպերայի կանաչապատ տարածքը վերականգնեն:
«Հենց հիմա սկսելու ենք ապամոնտաժումը, միակ խնդիրը քաղաքացիների անվտանգությունն է, որոշ ուղղորդված անձինք փորձում են խանգարել»,- նշեց նա և հավելեց, որ քանդել բառը չօգտագործեն այլևս:
16:24
Օպերայի հարակից տարածքում, որտեղ քաղաքապետարանը կրկին փորձ արեց սկսել ապամոնտաժման աշխատանքները, քաշքշուկ սկսվեց ոստիկանների և սրճարանների քանդմանը դեմ քաղաքացիների միջև։
Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս, որ ցուցարարներն առաջ շարժվեն։ Ցուցարարներն էլ իրենց հերթին փակել են տեխնիկայի ճանապարհը, որը պետք է շարունակեր ապամոնտաժումը։
Ցուցարարներից ոմանք բարձրացել են ապամոնտաժումն իրականացնող հատուկ տեխնիկայի վրա և փորձում են պոկել խողովակները՝ կանխելու սրճարանների հետագա ապամոնտաժումը։
16.14
Օպերայի տարածքում իրադրությունը կրկին լարված է. սրճարանների ապամոնտաժմանը դեմ քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունենում։
15:33
Վիկտոր Մնացականյանի խնդրած 30 րոպեն ավարտվեց, սակայն նա նշեց, որ քննարկումը դեռ չեն ավարտել, և վերջնական որոշում չկա։ Այս պահին ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են։
15:15
Մենք այստեղ չենք վիճարկելու սրճարանի օրինականությունը կամ կանաչ տարածքի անհրաժեշտությունը, քանի որ կանաչ տարածք պետք է, բայց խնդիրը պետք է լուծվի առանց բռնության։ Նման հայտարարություն արեց Օպերայի տարածք ժամանած ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«Բռնությունը բերելու է բռնություն, միակ տարբերակը երկխոսությունն է»,- շարունակեց Զոհրաբյանը։
Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյան էլ հորդորեց հրաժարվել «բռնություն» տերմինից, քանի որ բռնություն չի եղել, իսկ ոստիկանները կատարել են իրենց ծառայողական աշխատանքը։ Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց՝ սրճարաններն ապամոնտաժելու որոշումը վերջնական է։
Մնացականյանը 30 րոպե ընդմիջում խնդրեց՝ քաղաքապետարանի իր գործընկերների հետ որոշ հարցեր քննարկելու համար:
14:52
Մենք ավարտելու ենք մեր սկսածը, մի քայլ հետ չի լինելու։ Օպերայի հարակից տարածքում, որտեղ ապամոնտաժվում են սրճարանները, հայտարարեց Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Նա շարունակեց պնդել, որ այդ սրճարանների գործունեությունն անօրինական է։
Տարածք ենք ժամանել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որոնք այս պահին զրուցում են Կենտրոն համայնքի ղեկավարի հետ։
14:30
Հայկ Մարության, դուք քաղաքապետ լինելու իրավունք չունեք, պայմանագիր կա կնքված օրինական, ինչպե՞ս եք այդ պայմանագիրը չեղյալ համարում։ Օպերայի տարածքում նման հայտարարություն արեց ցուցարարներից մեկը՝ շեշտելով, թե ժողովրդի մեծ մասը դեմ է քաղաքային իշխանության գործողություններին։
Ցուցարարը նկատեց՝ իրենք դիմել են դատարան և հույս ունեն, որ օրինական որոշում կլինի։ Նրանք հորդորեցին լուծել քաղաքի մյուս խնդիրները՝ նկատելով, որ խոստացել էին քաղաքը մաքրել աղբից և այլն։
Նշենք նաև, որ հավաքվածները սրճարանների վրա բենզին են լցրել, իսկ ԱԻՆ աշխատակիցները ջուր էին լցնում բենզինի վրա՝ հնարավոր հրդեհի վտանգը կանխելու համար։
14:00
Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճանների աշխատակիցները «Հայկո՛, հեռացի՛ր» և «Թողե՛ք աշխատենք» վանկարկումներով մտել են ապամոնտաժվող բացօթյա սրճարանի մետաղական կոնստրուկցիայիվ տանիքի տակ, որն արդեն կիսով չափ ապամոնտաժված է, և բավականին վտանգավոր է, քանի որ ամեն պահ այն կարող է քանդվել։
Սակայն սա ցուցարարներին չի վախեցնում. նրանք շարունակում են նստացույց անել կիսաքանդ տանիքի տակ։
13:56
Քաղաքապետարանն Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները մի պահ դադարեցրել է։ Այս պահին որոշ քաղաքացիներ արտահայտում են իրենց դժգոհությունները, սակայն կան նաև մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենք կողմ են կանաչապատմանը։
Դեպքի վայր է եկել Երևանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։ Ըստ նրա՝ երկակի ստանդարտների խնդիր կա։
«Շինության մի մասը ապամոնտաժում են, մի մասը թողնում են, ինչն արդար չէ այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր այստեղ գործունեություն են վարում։ Եթե ապամոնտաժում են, ապա մինչև ճաղեր պետք է ապամոնտաժվեն, քանի որ դա էլ Օպերայի տարածն է»,- ասաց նա։
Մանրիկյանի կարծիքով՝ պետք է այս տարածում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին մինչև սեպտեմբեր ժամանակ տրվեր, որ գործունեություն ծավալեին։ Ավագանու անդամը նկատեց, որ որոշ սրճարանների սեփականատերեր դիմել են դատարան, և այդ սրճարանների հետ կապված քաղաքապետարանը որևէ գործողություն չի կատարում։
13:56
Մաշտոցի պողոտայից 16 քաղաքացի բերվել է ոստիկանություն:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը.
«Այս պահի դրությամբ Մաշտոցի պողոտայից 16 քաղաքացի բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար»:



13:13
Մաշտոց-Թումանյան խաչմերուկը շարունակում է փակ մնալ՝ ցուցարարները նստացույց են անում։ Ոստիկանություն-ցուցարարներ բախման արդյունքում մի տղա վնասվածք ստացավ։ Ըստ նրա՝ իր խնդիր ունեցող ոտքի վրա կանգնել են։
13:00
Այս պահի դրությամբ Մաշտոցի պողոտայից չորս քաղաքացի բերվել է ոստիկանություն:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Այս պահի դրությամբ Մաշտոցի պողոտայից չորս քաղաքացի բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար»:

12:55
Ցուցարաներն այս պահին փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը և պահանջում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ցուցարարները գտնում են, որ կանաչապատման տրամադրվող գումարը կարելի է տալ անապահով խավին։
«Եթե կարա ուսմանս վարձը տա, հաշմանդամ ծնողներիս պահի, տանս վարձը տա, ապա թող քանդի։ Այս իշխանությունները շատ են ասում, որ ՀՀԿ-ն վատն էր. հա, ՀՀԿ-ն վատն էր, բայց ՀՀԿ-ն չէր քանդում։ Անձամբ հայտարարում եմ, որ եթե Հայկ Մարությանը չգա, բեզնին եմ լցնելու վրես ու վառեմ»,- ասաց ցուցարարներից մեկը։
Նշենք, որ ակցիային զուգահեռ Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները շարունակվում են ապամոնտաժվել։
12:41
Մաշտոցի պողոտան շարունակում է փակ մնալ Oպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիների կողմից։ Այս պահին ոստիականները մարդկանց հեռացնում են տարածքից։ Մոտ 3 հոգի բերման է ենթարկվել։
12:33
Ոստիկանները սկսել են մեքենաները նստեցնել ակցիայի մասնակիցներին:
12:05
Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան։ Ոստիկանական ուժերը փորձում են ազատել փողոցը։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ։
Ցուցարարները հարվածում են անցնող մեքենաներին, իսկ ոստիկաները փորձում են բացել տարածքը, նրանք նստացույց են անում այս պահին։
Սկսվեցին «Նիկո՛լ, հեռացիր» և « Թողեք աշխատենք» վանկարկումները։
12:02
Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիները բողոքի ցույց են անում Մաշտոցի պողոտայում:
11:59
Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. ոստիկանները հեռացնում են Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին:
11:54
Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Նշենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Երեկ մեկնարկած ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, լարված իրավիճակ էր ստեղծվել:
Երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձել էին հոսանք միացնել և սկսել ապամոնտաժման աշխատանքները, սրճարանների աշխատակիցները սկսել էին հավաքել լարերը՝ վանկարկելով` ամոթ, ամոթ:
Ավելի ուշ աշխատանքները դադարեցվել էին, և սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում քննարկում էր հրավիրվել:
Այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով աշխատանքները վերսկսելու մասին:









