«Եթե Հրվ. Կորեան չի կարողանում հետևել իր լեզվին, ապա մենք դրան ի պատասխան կարող ենք հիշել Սեուլը կրակի ծով դարձնելու վաղուց մոռացված գաղափարը». ԿԺԴՀ
Հարավային Կորեայի իշխանությունները չպետք է Փհենյանի վրա բարդեն Միջկորեական կապի գրասենյակի շենքի ոչնչացման պատասխանատվությունը, քանի որ Սեուլն առաջինն է խախտել պայմանավորվածությունները, և եթե նման մեղադրանքները շարունակական բնույթ կրեն, ԿԺԴՀ-ն կարող է հիշել Սեուլը «կրակի ծով» դարձնելու գաղափարի մասին, ասված է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության այսօր հրապարակած հաղորդագրության մեջ, գրում է ria.ru-ն։
«Եթե Հարավային Կորեայի իշխանությունները չեն կարողանում հետևել իրենց լեզվին, ապա մենք դրան ի պատասխան կարող ենք կրկին հիշել Սեուլը կրակի ծով դարձնելու վաղուց մոռացված գաղափարը»,- գրում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Գործակալության կարծիքով՝ Միավորման հարավկորեական նախարարության՝ նախօրեին հնչեցրած դիրքորոշումը, որում Հյուսիսային Կորեայի գործողություններն անվանվել են «Փհանմունջոմյան հռչակագրի և համաձայնագրի միակողմանի խախտում», իրողության աղավաղում է։
Հարավային Կորեան, ինչպես նշում է գործակալությունը, բացեիբաց տարբեր «թշնամական գործողություններ» է կատարել՝ այդ թվում պարբերաբար խախտելով միջկորեական համաձայնագրերում ամրագրված պայմանավորվածությունները, սակայն շարունակում է մեղադրել Հյուսիսին:
Գործակալության համաձայն՝ Հարավային Կորեայում պետք է գիտակցեն, որ Քեսոն քաղաքում Միջկորեական կապի գրասենյակի պայթյունի ձայները կարող են նախերգանք դառնալ միջկորեական հարաբերությունների լիակատար փլուզման համար։
Նախօրեին հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան պայթեցրել է ապառազմականացված գոտու մոտ՝ սահմանից հյուսիս գտնվող Միջկորեական կապի գրասենյակի շենքը։
Ի պատասխան՝ Սեուլը հայտարարել է, որ չի հանդուրժի «Փհենյանի անմիտ պահվածքը»՝ կոչ անելով «տարրական պարկեշտություն» դրսևորել։
Հիշեցնենք, որ 2018թ.-ին Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները համաձայնագիր էին ստորագրել կողմերի միջև թշնամանքի վերացման և համագործակցության վերաբերյալ: Վերջին շրջանում, սակայն, երկկողմ հարաբերությունները կրկին լարվել են. պատճառն այն է, որ չնայած Փհենյանի զգուշացումներին, հարավկորեացի ակտիվիստները սահմանին դեպի Հյուսիսային Կորեայի տարածք օդապարիկներ են արձակել, որոնց վրա քարոզչական կարգախոսներ են փակցված եղել:










