«Տիխանովսկայային ժամանակ է հարկավոր որոշում կայացնելու համար». Լիտվայի արտգործնախարար

14:24 • 13.08.20

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ժամանակ է հարկավոր հետագա գործունեության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Այս մասին այսօր` օգոստոսի 13-ին, Ziniu radijas ռադիոկայանի եթերում հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, գրում է korrespondent.net կայքը:

Լինկյավիչուսը նշել է, որ Տիխանովսկայայի համար ընդմիջման կարիքը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ծանր պայմաններում է հայտնվել:

«Եկեք նրան ժամանակ տանք, որի կարիքը նա ունի վերապրած սթրեսից հետո, որոշումներ ընդունելու համար, որոնց մասին նա ինքը կհայտնի: Տիխանովսկայան քաղաքական գործիչ չէ, դրա մասին ինքը նույնպես հայտարարել է, նրա ուսերին մեծ ծանրություն է ընկել, որին նա, հնարավոր է, պատրաստ չէր»,-ասել է Լինկյավիչուսը:

Նա նաև Տիխանովսկայային «ընտրությունների խորհրդանիշ» է անվանել, և կարծում է, որ նրա գործունեությունը «խթան է հանդիսացել այն հասկացության համար, որ Բելառուսում պետք է ձևավորվի քաղաքացիական հասարակություն»:

Արտգործնախարարի խոսքով` Տիխանովսկայան ներկայում 14-օրյա ինքնամեկուսացման մեջ է, ինչը պարտադիր է Բելառուսից Լիտվա եկած անձանց համար:

Ավելի վաղ Լինկյավիչուսը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է՝ անվտանգության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը: