Համբույրներ թիկունքից՝ կամուֆլյաժի մեջ բարուրված ճակատին. «Հանուն հոր և որդու»
ՎԱՐԴուհի Սիմոնյանի արցախյան «Հանուն հոր և որդու» փաստագրական շարքի նախորդ հրապարակումներն այստեղ՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ:
Զինվորների հետ այս զրույցները չպիտի հրապարակվեին: Ազնիվն անտիպ թողնելն էր: Սղագրելիս երևաց, որ դրանք տեղ-տեղ են դառնում կապակցված խոսք. մեծ մասը շունչ և դադար է. ապաշնորհ լրագրողի դասական աշխատանք՝ հարցերը հարցեր չեն, ձայնագրությունն անհարկի անջատվում և միանում է երկար րոպեներ ձգվող բոլորովին ուրիշ մի լռության: Եվ ուրեմն՝ ինչու մեջտեղ բերել այսպիսի նյութ, մանավանդ, չես կարող սառնասրտորեն ազդարարել, թե բանակը սուրբ կով չէ, և բռնել ու ամբողջությամբ հրապարակել այս զրույցները: Չես կարող, ոչ այն պատճառով, որ ականջներդ կտեսնեն թշնամու ջաղացի մատույցներում և հանգամանալից կքաշեն: Ո՛չ: Մեր կողմերում դեռ պիտի որոշակիացվի, թե հատկապես ինչ նկատի ունեն երկրի անվտանգություն կամ առավելևս՝ արժանապատվություն ասելիս և մանավանդ՝ մեկընդմիշտ հստակեցվի, թե թշնամու ջաղացն այդ ինչ տուրբո քարշով է բանում, որ ամենուր պայթող շատրվանները թողած՝ ջուր է խմում բացառապես լրագրողական փոքրիկ առուներից: Զինվորների հետ զրույցների «օրիգինալը» չի հրապարակվում մեն մի պատճառով՝ «մեր մութ ձորերում» անգամ օրենք կա, մասնագիտական կանոն. չվնասել մարդուն՝ զինվորին: Դու գնում ես, իսկ նա մնում է զորանոցային փակ ռեժիմում, իսկ բանակը ոչ մի երկրում, կարծեմ, կուլտուրայի նախարարության ենթակայության տակ չէ: Ցուցում. նյութի հերոսներին չփնտրել տեսանկարահանումների մեջ:
Տեղում լավ չէի կողմնորոշվում, որպես լրագրո՞ղ եմ նրանց մոտ գնացել, թե՞ որպես քույր, մայր. և ինչ պատահեց ճտպտան լեզվիդ, լռվեցիր. ահա, այստեղ էլ նա քեզ դուրս բերեց մեծ խայտառակությունից՝ դու մի հիմար հարց նետեցիր, իսկ ինքն ահա, քո առջև շաղ է տալիս այն ամենը, ինչից, սովորաբար, կազմված են պատերազմի գոտուց բերված լավագույն ռեպորտաժները: Բայց ինչ խայտառակություն՝ դու նրան համարյա չես լսում. հոտոտում ես պարանոցը (ինչո՞ւ), պեղում ես ձեռքերը, ոտքերը (վե՞րք ես փնտրում), նայում ես աչքերին, ոչ՝ չես նայում, խորքին չես հասնում, ամաչում ես, ամոթից գետինն ես մտնում, ամոթից մեռնում ես:
Մենք նրանց պատերազմ ենք ժառանգել, հորից որդուն հասած ավելի մեծ անեծք չկա: Ու չփորձենք արդարանալ, մեզ արդարացում չկա: Դու, հենց դու լինեիր այն մեկը, որ մահապարտի պես կկանգներ քաղաքի հրապարակում և կողջակիզեր իրեն. թող քո խանձահոտը լցվեր քաղաքի աչքերը, բերանը ու զարթներ, վերջապես զարթներ մրափած քաղաքը: Չէ, դու մահապարտը չես, դու խելոքն ես: Իսկ հիմա էդպես խելոք-խելոք էլ ոչնչացիր. տես, այս 18 տարեկան տղան սպանում, ոչնչացնում է քեզ. նա արդեն սպանել է նախորդ պատերազմն իրենց բրենդը սարքած պարազիտներին ու հասել է քեզ: Այս զինվորները տուն են դառնալու, իջնելու են քաղաք, նրանք խաթարելու են մրափած քաղաքի քունը: Այս զինվորներն են մեր ՎԵՐՋԻՆ պետականության ՎԵՐՋԻՆ կենդանի նշանն ու ՎԵՐՋԻՆ վկայությունը:
-Բարև ձեզ:
-Վայ, վայ, սպասեք, չիջնեք էդտեղից, սպասեք մի րոպե գամ օգնեմ:
-Չիջնեք, չիջնեք, էդ ամուր հող չի, հոսում ա:
-էդ ո՞նց ա քո ոտքի տակ ամուր ա, իմի տակ հոսո՞ղ: Նույն հողը չի՞:
-Հողը նույնն ա, է՜ , ուղղակի, Դուք մեր նման սրա վրա քնած-զարթնած չկաք, կարող ա բռնի ու ոտիցդ ուժեղ քաշի: /Ծիծաղում է/ Տուր, տուր ձեռդ կամ ես սենց շուռ գամ, մեջքիցս բռնվի՝ իջի:
-Քանի՞ տարեկան ես:
-18:
-էհ, փաստորեն 18 տարեկանում հենց առաջնագծից պատերազմ տեսաք…
-Հա, լրիվ կինո էր. տենց բան մենակ կինոներում էի տեսել:
-Փոխվե՞լ ես էդ դաժան կինոն տեսնելուց հետո:
-Դե ինչ իմանամ: Վայ, ինչ կլինի, էդպիսի հայրենասիրական հարցերը իրան տվեք /ընկերոջն է ցույց տալիս. Վ.Ս./, ես տենց շատ հայրենասիրական բաներ խոսալուց հեռու եմ:
-Ցավդ տանեմ, ինչից ասես՝ քեզ հանեմ, բայց, ախր էդ հարցում ես էլ չկամ: Էդ պիտի մի հատ «ստարիկ» բռնեք, որ տենց հարցերի մասին մեծ-մեծ խոսա, լուրջ եմ ասում: Էդ պատերազմի օրերին էլ, հիմա էլ քո ուշքումիտքը մենակ քո ընկերներն են, դու կողքի ընկերոջդ մենակ չես թողնում, տանկն էլ քշեն վրեդ, չես անի էդ բանը, ոնց ասեմ, չգիտեմ: Հիմա էս իմ ընկերները որտեղ են կանգնած՝ Մարտակերտի էս պոստում չէ՞, դե եթե քո ընկերոջը պաշտպանես, էս պոստն էլ կպաշտպանես, չէ՞:
-Հա, շատ խորը և ազնիվ բան ես ասում, բայց ես հայրենասիրությունից հարց չտվեցի ոնց որ, չէ՞:
-Բայց դե պատերազմից էիք հարցնում, համարյա նույն բանն ա էլի:
-Հա՞, ոնց է նույնը:
-Բա ի՞նչ ա: Հիմա էս թուրքերին ասել են չէ՞, որ իբր էս հողերն իրանցն ա, ու իրանք պիտի դրա համար կռվեն: Դրա անունն էլ ի՞նչ են դրել՝ հայրենասիրություն: Հիմա սրանց թվում ա, թե իրանք հայրենական պատերազմ են տալիս: Սուտի գրքեր են գրել, իբր Ղարաբաղն իրանցն ա, էս հարիֆներն էլ հավատացել են էլի:
-Դու Երևա՞նից ես:
-Չէ, Մեղրուց: Բայց ինձ էլ շատ հարցեր չեք տա, չէ՞:
-…
-Լավ-լավ, բացի հայրենասիրականից ինչ հարց ուզում ես՝ տուր: /Ծիծաղում ենք.Վ.Ս./
-Հեռախոս կա…
-Ես զանգե՞մ, ինչ կլինի, արի իմ տեղը թող էն տղեն զանգի էլի, ես նոր եմ խոսացել տնեցիների հետ, հետո էլ ես սիրած չունեմ, ինքը՝ ունի:
-Վայ, բոլորդ էլ խոսացեք, խնդրում եմ:
-Չէ, թող մենակ ինքը խոսա, էրեկվանից տրամադրություն չունի, ոնց որ կռիվ-մռիվ են արել ընկերուհու հետ:
Արս ջան, արի, ցավդ տանեմ, ախպերս: Վերցրու, հետը սաղ խոսա, քոնը դիր, ախպերս, մի քիչ խիստ խոսա հետը, ասա բան չմնաց, դիմացի, հեսա ընկերներով գալու ենք ականջդ կտրենք…
-Բա էդ ո՞նց ա, որ դու սիրած աղջիկ չունես:
-Էհ, իմ փալանը ծանր ա, իսկի մի տուն էլ չունենք, վախում եմ մեկին սիրահարվեմ՝ հորս գերեզման: Հիմա էլ ստեղ եմ, չէ, ուշքումիտս մերոնք են, չգիտեմ ինչ արին, ինչ կերան, մամային էլ թարսի պես գործից հանել են, գժված եմ: Մտածում եմ, էս բանակից պրծնեմ գոնե Ռուսաստան գնամ, ասֆալտ բան թափեմ, Մեղրիում ո՞ւր ա գործ, Երևանի կյանքն էլ էնքան թանկ ա, որ տուն ուղարկելու փող, հաստատ չի մնա:
-Բա լավ, էս պատերազմն էլ ո՞ւր ենք անում, եթե էս հողի վրա չպիտի ապրենք:
-Չգիտեմ, բայց հլը բոլորին էդ հարցը տուր, ասա, որ ծառայությունդ բարով-խերով պրծնես, ինչ ես անելու հետո: Տես, որ սաղ էլ նույնը կասեն: Բա տղա են, տուն պիտի պահեն, հո չե՞ն թողնի՝ իրանց ընտանիքները սովից մեռնեն:
-Ինչքա՞ն մնաց ծառայությանդ:
-Մի տարի, 5 ամիս, երեք օր:
-Օ՞րն էլ ես հաշվել:
-Իմ վիճակը նենց ա, որ ժամն էլ եմ հաշվում:
-…
-Բա Դուք ո՞նց եք, Երևանից եք գալիս, ի՞նչ կա-չկա էս քաղաքականությունից, բանից:
-էհ, Երևան ա էլի իր համար, դուք էստեղ…գիտեք ապրել, քնել ա լինո՞ւմ, չգիտեմ:
-Այ մարդ, բան չկա, մի բարդացրեք.ամեն ինչ «տոչնի» ա: Ինչի՞ եք մտածում, դե թող մի հատ էլ հարձակվեն, էդ ժամանակ իրանց ալլահն էլ իրանց չի փրկի: Էս անգամ, ուղղակի, խնայել են իրանց, թե չէ, որ հրամանը վերևից գա, մենք տես դրանց ինչ օրի ենք դնելու: Էդքան զինվոր որ գնաց, դրանք էդ չեն մարսելու, չնայած իրանք տասը անգամ ավելի շատ զոհ են տվել:
-…
-Ոնց որ էլ հարց չունեք, չէ՞: Իմ քննությունը պրծավ…
-Չէ, ոնց չունեմ, չասեցիք ախր տանելի՞ են բանակային պայմանները, ճաշերն ուտել լինո՞ւմ է:
-Դե տղուն տենց հարց չպիտի տալ, մամայի բալա չենք, որ բողոքենք: Բանակ ա էլի, մենակ խաղաղ լինի, ուրիշ բան մեզ պետք չի:
-Ով էն օրերը տեսել ա, ուրիշ բան չի ուզի: Էն, որ կանգնում լոպազանում են, թե իրանք չեն վախեցել էդ օրերին, մի հավատացեք, տենց բան չկա՝ գյուլլեն քոռ ա, սաղին էլ կարա գա կպնի ու հեչ կապ չունի ընկերոջդ ա կպնում, թե քեզ: Ավելի լավ ա քեզ կպնի, որ ընկերոջդ մահը չտեսնես: Սենց որ իրար մեջ մեկ-մեկ խոսում ենք, ես ասում եմ, ավելի լավ ա ես զոհվեմ, քան դուք:
- Վայ, մի ասա էդպիսի բաներ, մի ասա, խնդրում եմ…
-Չէ, բայց գիտե՞ս խի եմ ասում, ասում եմ մոր սիրտ ա, չի դիմանա, բայց դե ես վաղուց մամա չունեմ:
-Մոր սիրտն անմեռ բան ա, դու…
-Հա, որ իրան երազիս տեսնում եմ, էդ օրը իմ օրն ա, ինչին ձեռս տանում եմ, ոնց որ աղոթած լինի, սաղ տեղը տեղին դառնում ա:
-Քանի՞ տարեկան ես:
-18:
-Էս ո՞նց ա ստացվել, որ համարյա բոլորդ 18 տարեկան եք:
-Եսիմ, չնայած մեծեր էլ կան, բայց հա, մեր մոտ 18-երը շատ են:
-Մի բան, որ շատ խնդրեմ, կանե՞ս:
-Հա, բա ոնց:
-Ազնիվ զինվորակա՞ն:
-Հա, երդվե՞մ:
-Կհանե՞ս էդ սապոգներդ, մի քանի րոպե…
-Ուզում եք իմ սապոգներով բարձրանա՞ք, ես Ձեզ կբռնեմ, մի մտածեք, երկու Ձեր քաշին նաղդ բարձրացնող եմ:
-Բայց խոստացար, չէ՞:
-Մորքուր ջան, լավ էլի…էս էլ պիտի հանե՞մ:
-Էստեղ էս ի՞նչ ա, շուտվանի՞ց ա էս վերքը:
-Այ մորքուր ջան, դե սապոգ ա, մի քիչ խփել ա էլի ոտս, էս հա էլ լինում անցնում ա, տուր, տուր հագնեմ: Սաղ մաքուր ա, բան չկա, ջոկեցի ինչ ես ման գալիս, ես ոտիս մի հատ վերք չեմ թողնում, ստեղ ամեն ինչ էլ կա, գնա նայի՝ բամբակ, բինտ, յոդ: Էս սապոգը էս ա, մինչև նստում ա ոտիդ, տասը վերք ա անում, կանցնի, էդ հեչ:
-Կարո՞ղ ա փոքր ա ոտքիդ:
-Չէ, չէ, լավ ա, լավ, եկեք, եկեք ձեզ տանենք ստեղից: Էս կին արմատին պիտի չթողեն ստեղ գա, գիտե՞ք: Խայտառակ արիք ինձ:
-Չէ,հենց մենք պիտի գանք…միրգ, բան տալի՞ս են:
-Հա, հա, գոհ ենք, շատ գոհ. էդքան մի անհանգստացեք մեր համար, ծառայություն ա, սանատորիա չի, պիտի սաղ բաներն էլ տղամարդու պես հաղթահարենք:
-Ժողովուրդ, վերջ, Արսենը հեռախոսը բերեց, բայց աչքիս մի բան էն չի՝ ունքերը պոլին ա էլի քսվում, Դուք սա վերցրեք, գնամ տեսնեմ ոնց եմ տրամադրությունը բացում:
-Արսեն ջան, ո՞նց ես:
-Ոչինչ էլի:
-Որտեղի՞ց ես:
-Երևանից:
-Ինչքա՞ն մնաց ծառայությանդ:
-Վեց ամիս դեռ կա:
-Դե բան չի մնում…Բա ի՞նչ ես անելու, որ վերջացնես ծառայությունդ:
-Եսիմ է, մի տեղով կգնանք էլի:
-Չես ուզո՞ւմ սովորես, մի մասնագետ դառնաս:
-Էհ, սաղ տունը սովորել ա էլի, մեջն ինչ՝ 150 հազար դրա՞մ, չի էլ հերիքի մի հատ Ղարաբաղ գաս, գնաս: Կներեք, էլի, ես էլ Ձեր հեռախոսից շատ կախվեցի…
-Այ ցավդ տանեմ, դուք չլինեիք, ես հիմա ոչ էդ հեռախոսը կունենայի, ոչ տունուտեղ, ոչ՝ երկիր: Ձեր շնորհիվ չի՞, որ մենք դեռ կանք, ապրում ենք: Հերոսներ եք դուք, հերոսներ:
-Վայ, լավ էլի, մի ասեք էդպիսի բաներ, ինչ կլինի, ամաչացնում եք:
-Էդ դեռ հարց ա, դուք եք ինձ ամաչացնում, թե ես՝ ձեզ:
-…բա ե՞րբ եք գնում Երևան, նենց եմ կարոտել…
-Ամենաշատը Երևանի ի՞նչն ես կարոտել:
-Եսիմ է, տունը, ընկերներիս, քաղաքը, սաղին էլի:
-Ասա, ասա, թաքուն մի պահի, ասա՝ Մերիին: /Ծիծաղում են.Վ.Ս./
-Դե չէ, Մերիի հետ ամեն ինչ պրծավ, վերջ:
-Տո քեզ ով ասեց է, որ վերջ, էդ քեզ ա թվում, թե վերջ: Ուրեմն էսքանս ստեղ մի Մերիի հախից չենք կարում հա՞ գանք:
-Լավ, պրծի, պրծի:
-Դե կտեսնես. քեզ խոսք եմ տալիս:
-Ասի՝ պրծի:
-Էրեխեք, բա էս պատերազմի վերջը ի՞նչ ա լինելու, ձեր կարծիքով:
-Իմ կարծիքով դեռ կձգվի, հլը կարող ա իմ տղեն էլ մասնակցի էս պատերազմին: /Ծիծաղում են/
-Հա, բա, ճիշտ ա ասում, էսի անվերջանալի բան ա: Կամ պիտի մենք միանգամից հարձակվենք ու դրանց սաղ ցեղը ջնջենք, կամ էլ սենց ձգվելու ա մի հազար տարի: Ուրիշ ի՞նչ կարա լինի:
-Բայց էս պատերազմն էլ չի թողնում, որ մենք կարգին պետություն դառնանք, հավի ու ձվի պատմությունն է դառնում՝ հիմա էս պատերազմը պիտի վերջանա՞, որ կարգին երկիր կառուցենք, թե՞ պիտի կարգին երկիր կառուցենք, որ վերջանա:
-Տո որն էլ անենք խեր ա, բայց ոնց որ ոչ մեկն են անում, ոչ էլ՝ մյուսը: Սաղի ուշքումիտքը ստեղից գնալն ա, հիմա որ ստեղ գոնե մի կես միլիոն մարդ ապրեր, էս հողերը սաղ իրանով աներ, քո կարծիքով թուրքը ռիսկ կանե՞ր մի հատ ստեղի վրա կրակեր: Ռիսկ չէր անի: Էս սաղ նրանից ա, որ մարդկանց գործ չեն տալիս, իրանք էլ գնում են:
-էդ սաղ վերևների հարցեր ա էլի, «զինվորը չզբաղվել պոլիտիկա»: Մենք կուզեինք էս պատերազմը մեր ձեռով վերջացնեինք, բայց չստացվեց էլի:
-Ինչ էլ հանգիստ եք խոսում…մենք էդքան զոհերի կդիմանայի՞նք, ախր 4 օրում հարյուր զոհ տվեցինք:
-Պատերազմն առանց զոհերի չի լինում, թող էս կեսս զոհվեր, կեսն էլ գոնե կիմանար, որ արդեն խաղաղություն ա, էս հարցը լուծվել պրծել ա: Բա սենց ո՞ւմ ա պետք: Ախր թուրքից վախկոտ կենդանի չկա աշխարհում: Չորս հատ խփում ես, նենց են սկսվում, որ մի շաբաթ ձենները դուրս չի գալիս: Դրանց էղածն ի՞նչ ա, որ:
-Դե լավ, էլ մի լոպազ-լոպազ խոսա, թուրքն իրա գլխու չի, հետևում Իսրայելից բռնած հազար պետություն կա: Էդքան հեշտ չի, պիտի մեր բանակը նորագույն տեխնոլոգիաներ, բաներ ունենա, օր օրի ավելի լավ զինվի:
-Իսկ էս պատերազմից հետո ի՞նչ փոխվեց, օրինակ՝ ձեր բանակային կյանքում:
-Ոնց որ հացը մի քիչ լավ են տալիս, չէ, միսը բոլ-բոլ, օգնություն բան էլ ա գալիս մեկ-մեկ, քաղցր-մաղցր, եսիմ, տենց բաներ էլի: Որ ասեմ տենց մեծ փոփոխություններ կան՝ չէ: Նույնն ա էլի:
-Խի՞, իրա կյանքում, օրինակ, լիքը փոփոխություն կա. ինքը չգիտեր, որ ճաշի մեջի սոխը չի սիրում, բայց հիմա, որ սոխը տեսավ՝ նոր տեղը բերեց: /Ծիծաղում են.Վ.Ս./
-Իսկ համազգեստ, բան, շատ կներեք իհարկե՝ էն տակի շորերը, նասկի, բան:
-Դե էդ ունենք, հեչ, տնից բոլորին էլ ուղարկում են: Ուտելիք բան էլ գալիս ա, ինչ եկավ՝ սաղիս մեջ հալալ կես ա լինում: Էդի օրենք ա: Մեր մոտ էդ օրենքը խախտել չկա: Սաղս իրար հետ ախպերների պես ենք: Էս պատերազմը մեզ ավելի միասիրտ դարձրեց, հասկացանք, որ առանց մեկս մեկի կորած ենք:
-Հիմա Երևան ձեզնից ի՞նչ լուր տանեմ, ձեր կողմից ի՞նչ փոխանցեմ իրենց:
-Դե ինչ իմանամ, ասեք, լավ ենք էլի, թող չանհանգստանան, որ պատերազմ էլ եղավ, թող էն մեծերը, հիվանդ կամավորները չգան, մենք սաղ կանենք, ամեն ինչ: Մեր մասին էլ թող շատ չմտածեն՝ մենք շատ լավ ենք: Մի վախեցեք, վախենալ պետք չի:
-Քանի ստեղ եք, մի հատ հեռախոսը տայիք զանգեի էլի էդ Մերիին, վերջին զանգած համարն ա, զանգեմ մի երկու քաղցր խոսք ասեմ էլի, էն տղուն էտի լրիվ սպանեց, պրծավ: Հենա, եկել ա, մենակ տխուր նստել, լրիվ դուխից գցում ա էդ աղջիկը սաղիս:
-Հա, բայց մտածե՞լ ես, ինչ ես ասելու, ախր շատ նուրբ հարց ա, կարող ա խառնվես ավելի վատ բան դուրս գա…
-Չէ, տուր, դու հեսա նայի.
Ալո, բարև Ձեզ, Մերիի հետ եմ խոսո՞ւմ. Մերի ջան, էս Արսենի մոտիկ ընկերն ա, իրար հետ ենք ծառայում, կներեք էլի որ ես Ձեզ զանգեցի, երդվում եմ՝ Արսենը չգիտի: Մերի ջան, քուրս….լսի, Մերի ջան…դե մի հատ էլ ինձ լսի, էլի…Քուրս, ցավդ տանեմ, իմ քուր, էդ սաղ հարցերը հետո, հա՞, հետո, ցավդ տանեմ, էս տղեն գյուլլի բերան ա, էսի սովորական տեղ չի, մենք չենք ասում, չենք խոսում ոչ մի բան, բայց դու իմացի, Մերի ջան, իրան չի կարելի տենց ջղայնացրած, իրա կյանքի հետ ես ախր դու խաղում, քուրս: Մերի… էսի սովորական վիճակ չի, էդ բաները հիմա պետք չի, ինձ հասկացի, քուրս, ինքը որ գա հասնի, էդ բաները հետո կասես, հետո կանես, Մերի, լսո՞ւմ ես, Մերի, հասկացի էլի՝ էսի պատերազմ ա, լսեցի՞ր, Մերի, պա-տե-րազմ….Մերի, պատերազմը խաղուպար չի, քեզ քո ախպոր պես եմ խնդրում, Մերի ջան, քուրս, տղու սիրտը տենց մի ջարդի, տենց բան մի արա Մերի, խնդրում եմ քեզ, Մերի ջան. Մերի՞… դե պայմանավորվեցինք, քուրս, ես անջատում եմ, դու իրան էն համարով զանգում ես, քուրս: Ցավդ տանեմ, Մերի ջա՜ն….
Լուսանկարները` Քնար Բաբայանի



ՎԱՐԴուհի Սիմոնյան
Մարտակերտ, N զորամաս
շարունակելի










