«Սելֆիները» զվարճանքից վերածվում են մահացու վտանգավոր զբաղմունքի (լուսանկարներ, տեսանյութ)
Վերջին շրջանում երիտասարդները տարված են իրենց սմարթֆոններով լուսանկարներ անելով, ինչը երբեմն հանգեցնում է դժբախտությունների, գրում է Daily Dot-ը։
Մի քանի օրինակներ բերելով՝ կայքը վստահ է, որ «սելֆի» անելը զվարճանքից վերածվում է մահացու վտանգավոր զբաղմունքի։
Իտալիայում «սելֆի» անող զբոսաշրջիկները պատահաբար կոտրել են 18-րդ դարի արձանը
Զբոսաշրջիկ զույգը բարձրացել է Հերկուլեսի հայտնի արձաններից մեկի վրա՝ «սելֆի» անելու նպատակով, և լրջորեն վնասել 18-րդ դարի արձանը, որը տեղակայված է Իտալիայի հյուսիսային Կրեմոնա քաղաքում։ Այն ընկել է գետնին և կոտրվել։
Ռուսաստանի Տուլայի մարզում 14-ամյա պատանին մահացել է էլեկտրահաղորդման աշտարակի վրա ինքնալուսանկարվելու փորձի ժամանակ։
Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ դպրոցականը բարձրացել է բարձր լարման էլեկտրահաղորդման աշտարակը՝ բջջային հեռախոսով «սելֆի» անելու համար: Տղան հոսանքահարվել է` գտնվելով աշտարակի բարձրության վրա, որից հետո նա մահացել է:
Ռումինիայում աղջիկն այրվել է «սելֆի» անելիս

Աղջիկն ընկերուհու հետ գնացել է երկաթուղային կայարան՝ գնացքի վրա բարձրանալու և անմիջապես այնտեղ լուսանկարվելու համար։ Գնացքի վրա աղջիկներից մեկը ոտքով պատահաբար դիպել է էլեկտրալարին։ Այն անմիջապես բռնկվել է՝ հոսանքահարելով նրանց։ Նրա 17-ամյա ընկերուհին ընկել է գնացքի վրայից։
Սինգապուրցու վտանգավոր «սելֆին» ողբերգությամբ է ավարտվել
Սինգապուրցի Մուհամեդ Ասլամ բին Շահուլը, փորձելով վտանգավոր «սելֆի» անել անդունդի եզրին, մահացել է: 21-ամյա երիտասարդը կանգնել է օվկիանոսում գտնվող կղզու վրա` անդունդի մոտ, որպեսզի ինքնանկար անի: Սակայն նկարվելու պահին ալիքը հարվածել է նրան, ու լողալ չիմացող երիտասարդը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է օվկիանոսը:
«Սելֆի» անելիս Մոսկվայի բնակչուհին կրակել է իր գլխին
Մոսկվայի բնակչուհին տրավմատիկ ատրճանակով «սելֆի» անելիս կրակել է իր գլխին։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 21-ին Մոսկվայի հարավ-արևելքում։ 21-ամյա աղջիկը եղել է աշխատավայրում, որտեղ էլ որոշել է լուսանկարվել՝ ատրճանակը ձեռքին։
«Սելֆիի» մասին նույնիսկ երգ են գրել, որի տեսահոլովակը դիտել են 342.1 մլն անգամ։










