2016-ի դիապազոնի մաժոր ակորդները. ՆՈՏԱգրելով տարվա տոնն ու տակտը
Այսօր «Ստեղծագործական Հայաստան-2016» նախագծին միանում են հնչեղ ձայներ, որոնք մեդիայի մեր հարթակը վերածել են շքեղ բեմահարթակի: Ամենաճշմարիտ բառերն անասելի են, ամենանուրբն անպատմելի է, ամենակարևորին խոսքը չի կարող դիպչել՝ ահա, ինչու երկնքից երկիր իջավ մեծագույն առեղծվածը՝ երաժշտությունը: Մեր ընթերցողները բացառիկ հնարավորություն ունեն վայելել երաժշտական աշխարհի երևելիների ստեղծագործությունները, նրանց մտքերի ու զգացմունքների հեղեղը: Մեր հարցախույզին սիրով արձագանքեց նաև աշխարհահռչակ տենոր Եղիշե Մանուչարյանը. շնորհակալություն, մեր այս մեդիապլատֆորմի շուրջ 300 մասնակիցներին, մենք արդեն հասնում ենք եզրագծին:
1. Ո՞րն էր 2016 թվականի ամենանշանակալի հասարակական- քաղաքական իրադարձությունը.
Եղիշե Մանուչարյան- Ոգեղենության զարթոնք` «Սասնա ծռեր»:

Ավետիս Բերբերյան- Կարծում եմ 2016-ի հուլիսյան դեպքերը, որոնց արդյունքում և՛ հասարակական և՛ քաղաքական դաշտում թե՛ սպասելի, թե՛ անսպասելի վերիվայրումներ տեղի ունեցան, որոնք գուցեև շրջադարձային էին:
Վիկտորյա Ավետիսյան- «Սասնա ծռեր» շարժումը։
Վահան Արծրունի- ՊՊԾ գնդի զավթումը։
Ռուզաննա Սիրունյան- Հռոմի պապի հայաստանյան այցը, հիրավի, իրադարձային այց: Արարողությունների շարք, որոնք նշանակալից էին և քաղաքական, և հասարակական առումներով, մասնավորապես Ֆրանցիսկոս պապը՝ շնորհիվ իր շատ դրականության ու անձնական խարիզմայի մեծ ազդեցություն թողեց բոլոր նրան տեսնողների վրա:
Նարինե Դելալյան- Իհարկե, «Սասնա ծռերի» և Սարի թաղի իրադարձությունները։
Լիլիթ Հովհաննիսյան- «Սասնա ծռերի» ապստամբությունը։
Եղիշե Պետրոսյան- «Սասնա ծռերի» ապստամբությունը։
Դավիթ Մուշեղյան- Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորների ցուցաբերած արիությունն ու հերոսությունը:
2. 2016 թվականին մշակութային ամենամեծ իրադարձությունը.
Եղիշե Մանուչարյան- Իմ կատարմամբ Լուչիա Սիլլայի դերերգը Մոցարտի «Լուչիա Սիլլ» օպերայում։
Ավետիս Բերբերյան- Անձամբ իմ ստեղծագործական կյանքի համար մեծ իրադարձություն էր 2016-ի դեկտեմբերի 17-ին կայացած իմ հիսնամյակին նվիրված հոբելյանական հեղինակային համերգը, որի արձագանքներն ավելի տարողունակ էին, քան կարող էի պատկերացնել: Իսկ ընդհանուր Հայաստանյան մշակութային կյանքում կարծում եմ «Ավրորա» մրցանակաբաշխությունն իր տեսակի մեջ ամենաինքնատիպն ու հատկանշականն էր:
Վիկտորյա Ավետիսյան-«Ճանապարհ դեպի Լեռը» խորագրով` Ավետիս Բերբերյանի հոբելյանին նվիրված համերգին իմ մասնակցությունը:
Վահան Արծրունի- Բոբ Դիլանի Նոբելյան մրցանակը գրականության ասպարեզում։
Ռուզաննա Սիրունյան- Այս հարցի պատասխանը գուցե մի փոքր սուբյեկտիվ լինի, բայց ամենամեծ մշակութային իրադարձություններից էր Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված գալա համերգը հունիսի 28-ին: Աշխարհի մեծագույն հայ երաժիշտներից վեցը` Հասմիկ Պապյանը, Սերգեյ Խաչատրյանը, Բարսեղ Թումանյանը, Նարեկ Հախնազարյանը, Վահագն Պապյանը և Ալեքսանդր Չաուշյանը ելույթ ունեցան նվագախմբի հետ: Ստացանք բազմաթիվ շնորհավորանքներ ու պարգևներ, մասնավորապես երկրի նախագահի ու Երևանի քաղաքապետի կողմից: Իրոք, անմոռանալի պահեր էին:
Նարինե Դելալյան- Ինձ համար, որպես անձնական կարևոր իրադարձություն մեր՝ Դելլալյան Եռյակի համերգներն էին Գյումրիում և Երևանում։ Որպես հայ երաժիշտ՝ 20 000 ունկնդրով լեցուն դահլիճում մասնակցությունս 92-ամյա Շառլ Ազնավուրի փայլուն համերգին։
Լիլիթ Հովհաննիսյան- 2015-2016 թթ-ին Հայոց երգի Վեհափառ Կոմիտասի տուն-թանգարանի բացումը, կապույտ կարոտների երգիչ Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանի բացումը իր ծննդավայրում ՝ Թալինի շրջ․ Կաթնաղբյուր գյուղում, որտեղ որ նաև ծնվել եմ ես:

Եղիշե Պետրոսյան- Արամ Խաչատրյանի IV միջազգային փառատոնը։
Դավիթ Մուշեղյան- Ճիշտն ասած դժվարանում եմ կոնկրետ ամենամեծը նշեմ, ինձ համար շատ նշանակալի էր «Ոստան Հայոց» ռոք-խմբի 30-ամյակին նվիրված մենահամերգը:
3. 2016-ին կարդացած ամենախոսուն գիրքը.
Եղիշե Մանուչարյան- Գաբրիել Մարկեսի «Սեր Ժանտախտի ժամանակ»:
Ավետիս Բերբերյան- Facebook-ը :)
Վիկտորյա Ավետիսյան- Օրհան Փամուկ. «Ձյուն»։
Վահան Արծրունի- Անուշ Ասլիբեկյանի «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն:
Ռուզաննա Սիրունյան- Պարիս Հերունու հեղինակած «Հայերը և հնագույն Հայաստանը» գիրքը, որտեղ հեղինակը շատ հետաքրքիր կերպով նախ անդրադառնում է Քարահունջին՝ որպես նախապատմական Հայաստանի ժամանակներում աշխարհի ամենահին աստղադիտարան, ապա հայոց լեզվին ու այբուբենին՝ որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահիմքերից մեկը, և վերջում ներկայացնում է Հին Հայաստանի պատմությունը՝ շատ խոսուն կերպով նկարագրելով հայ ազգի էությունը:
Նարինե Դելալյան- Վերջապես, երկար պրպտումներից հետո, բարեկամներիս օգնությամբ հաջողվեց գտնել Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» և «Բառերի Ոսկին» գրքերը։ Անհարմար եմ զգում, որ միայն հիմա եմ կարդում այս գրքերը։ Պատճառը՝ նրանց անհասանելիությունն է կամ գոյություն չունենալը, որը և մտածելու առիթ է տալիս։

Լիլիթ Հովհաննիսյան- Շահան Նաթալի «Թուրքերը և մենք»։
Եղիշե Պետրոսյան- Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն»:
Դավիթ Մուշեղյան- Վալտեր Շելենբերգի մեմուարները:
4. 2016-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը.
Եղիշե Մանուչարյան- Florence Foster Jenkins
Ավետիս Բերբերյան- Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը, որը շատ տպավորել է ինձ:

Վիկտորյա Ավետիսյան- Ըստ Բորիս Պաստեռնակի համանուն վեպի «Դոկտոր Ժիվագո»։
Վահան Արծրունի- «Գահերի խաղը» սերիալը։
Ռուզաննա Սիրունյան- Կնշեմ երկուսը՝ Մհեր Մկրտչյան՝ «Կյանք ու կռիվ» և Ջիվան Ավետիսյան՝ «Վերջին բնակիչը»: Ի դեպ, երկու ֆիլմերի երաժշտությունն էլ ձայնագրվել է մեր նվագախմբի կողմից:
Նարինե Դելալյան- Նայոմի Կավասի. «Ջրի հանգստությունը» ֆիլմը, որտեղ հոգևոր գեղեցկության և իմաստության միաձուլումը, ճապոնական ավանդույթների կատարելությունը փառահեղ կերպով մատուցվում է ունկնդրին։
Լիլիթ Հովհաննիսյան- «Հզոր գեղեցկություն». Պաոլո Սորենտինո։
Եղիշե Պետրոսյան- Սերգեյ Փարաջանով. «Մոռացված նախնիների ստվերները»:
Դավիթ Մուշեղյան- Շվեդիա-Դանիա. «Կամուրջ» հեռուստասերիալ։
5. Հրապարակային ամենահնչեղ ելույթը.
Եղիշե Մանուչարյան-Ռուբեն Հախվերդյանի ելույթները:
Ավետիս Բերբերյան- Հռոմի Պապի ելույթը Հայաստանում:
Վիկտորյա Ավետիսյան- Գէորգ Եազըճեանի ելույթները:

Վահան Արծրունի- Սերժ Սարգսյանի Կիսիլյովին տված հարցազրույցը, որի ընթացքում նա բարձրաձայնեց 7 շրջանների հանձնման պատրաստակամությունը:
Ռուզաննա Սիրունյան - 2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը «Ավրորա» մարդասիրական առաջին մրցանակի հաղթող ֆրանսուհի Մարգարիտ Բարանկիցեի ելութը: Երբ նա պատմում էր Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին իր վարած կյանքի ու հերոսական գործունեության մասին, դրանց համեմատ պարզապես ոչինչ էին թվում մեր առօրեական հոգսերն ու խնդիրները:
Նարինե Դելալյան- Չեմ հիշում։ Պատճառը՝ թերևս թարմ խոսքի բացակայությունն է։
Լիլիթ Հովհաննիսյան- Ես այդ ելույթները այլևս չեմ ունկնդրում, որովհետև դրանք հիասթափեցնող են,դատարկ խոստումներ տվող և ոչ մի լավ բանի չբերող․․․
Եղիշե Պետրոսյան- Չունեմ պատասխան:
Դավիթ Մուշեղյան- Չգիտեմ:

6. 2016-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը.
Եղիշե Մանուչարյան- Մեծ սրտի ցավով ,բայց պիտի ասեմ ապրիլյան պատերազմում մեր քաջերի սխրագործությունները ամենադրականն էր (դժվարությունների մեջ մեծացած պատանիներ, որոնք գիտեին հայրենիքի արժեքը)
Իսկ հիասթափությունը,որ մեր զինվորները այդքան անպաշտպան են....մեր մեղքն է....
Ավետիս Բերբերյան- Բացասականը՝ ապրիլյան քառօրյան, դրականը՝ ապրիլյան քառօրյա պատերազմական գործողություններում՝ մեր տղաների սխրանքը:
Վիկտորյա Ավետիսյան- Դրականը՝ մեր երիտասարդությունը,մեր քաջ զինվորների սխրագործությունները, իսկ բացասականը՝ ապրիլյան պատերազմը, չնայած հպարտությանս՝ մեծ էր ցավը:
Վահան Արծրունի- Ամենապոզիտիվը Հասմիկ Ստեփանովնայի հեռացումն էր, ամենանեգատիվը՝ վերջերս տարած գրիպի վիրուսը։
Ռուզաննա Սիրունյան- Ամենապոզիտիվ իրադարձությունը կնշեմ թոռնիկիս ծնունդը, իսկ ամենանեգատիվը ահաբեկչությունների ալիքը (Նիցա, Բեռլին, Ռուսաստանի դեսպանի սպանություն և այլն):

Նարինե Դելալյան- Ինձ համար ամենադրականն այսօր մեր կողքին ապրող երիտասարդ ստեղծագործողներն են, որոնք բնությունից տրված շռայլ տաղանդի ու կատարելագործման անվերջ ճանապարհ անցնելու շնորհիվ կարողանում են նոր որակ ու թարմություն բերել։ Նրանցից կնշեմ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանին։ Իսկ ամենաբացասականը… անուշադրության շռայլումը կործանարար կարող է լինել ստեղծագործողների, ապա և՝ բոլորիս համար:
Լիլիթ Հովհաննիսյան- Քառօրյա պատերազմում մեր զինվորների հաղթանակն իրենց թանկ կյանքի գնով, Եղիշե Մանուչարյանի և իր կնոջ ՝ Վիկտորյա Ավետիսյանի ելույթը Երգով՝ Ավետիս Բերբերյանի հոբելյանական համերգին, որը մեծ նվաճում էր արվեստի բնագավառում։ Իսկ ամենանեգատիվը՝ անարժան կոչումները, տեղանքների վուլգար անվանումները, անհարգի ելույթները, որոնք զայրացնում են հայ ժողովրդին,որովհետև իմ ժողովուրդն իմաստուն և զորեղ է, ինչպես Հայոց բանակը:
Եղիշե Պետրոսյան- Ամենապոզիտիվը՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Ամենանեգատիվը՝ Ապրիլյան պատերազմն իր բացահայտումներով:
Դավիթ Մուշեղյան/ ջազ/- Ինչպես ասում էր Վ. Վիսոցկին. “на такой вопрос хочется ответить маленькой брошюрой”
7․2016թ.-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը.
Եղիշե Մանուչարյան- «Ղարաբաղը նահանջի տեղ չունի, ետևում Զանգեզուրն է» ՎԱՐԴուհի Սիմոնյան
Ավետիս Բերբերյան- «Մտքի 800 հեկտարը». Մհեր Արշակյան
Վիկտորյա Ավետիսյան- Չեմ հանդիպել:
Վահան Արծրունի- «Հասմիկ Պապյանի կոչը իշխանություններին»՝ «Ամենակարող երգիչ» նախագծի կապակցությամբ։
Ռուզաննա Սիրունյան- Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ու վիրավորված յուրաքանչյուր տղայի մասին յուրաքանչյուր հրապարակում: Առանձնացնել չեմ կարող:
Նարինե Դելալյան- Անշուշտ, կան առանձին հետաքրքիր նյութեր, բայց այս դաշտը հեռու է բավարար լինելուց։ Իսկ այն նյութերը, որոնցում զգացվում է անհարգալից վերաբերմունք մեր չքնաղ լեզվի նկատմամբ, ես պարզապես չեմ կարդում։
Լիլիթ Հովհաննիսյան- ՎԱՐԴուհի Սիմոնյան: Նրա «Ամենաբարդ և ամենապատասխանատու հարցազրույցը» երբևէ իմ կարդացած ամենապոզիտիվ,տխուր ու պայծառ զրույցն է, իսկ այս տարվա հրապարակումներից կառանձնացնեի Վարդի «Հայաստանն ուզում է թռչել.թող կատարվի գրվածքը» վերլուծական հոդվածը:
Եղիշե Պետրոսյան- «Այդ անտանելի հայերը», Լինկոլն Սթեֆընսի հարցազրույցը Լոուրենս Արաբիացու հետ. թարգմանությունը՝ Կարպիս Սուրենյանի:

Դավիթ Մուշեղյան-Առանց մեկնաբանությունների:
8. 2016 թվականի ամենասուր հումորը.
Եղիշե Մանուչարյան- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Ավետիս Բերբերյան- Արամ Մանուկյանի հակադարձումը գեներալ Սեյրան Սարոյանին:
Վիկտորյա Ավետիսյան- Գալուստ Սահակյանի ելույթները:
Վահան Արծրունի- Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելը:

Ռուզաննա Սիրունյան- Ինձ համար ամենասուրն ու ամենաինքնատիպը ArmComedy-ի հումորն է:
Նարինե Դելալյան- Ինչ որ նախագիծ, որը ստացել էր «Ամենակարող երգիչ» անվանումը։ Իսկ հումորի գագաթը եղավ այն, որ դասական երաժշտությունն էլ էին պատրաստվում ընդգրկվել այդ նախագծի մեջ։ Հուսանք՝ իրոք սուր հումոր էր։
Լիլիթ Հովհաննիսյան- 2016 թվականը ինձ համար սարկազմ է, հումոր չկա:
Եղիշե Պետրոսյան- Հայրիկ, բոլոր հեքիաթնե՞րն են սկսվում «Լինում է, չի լինում» բառերով:
-Չէ բալես,ամենալավ հեքիաթները սկսվում են` «Եթե ընտրություններում դուք ձեր ձայնը տաք ինձ…» խոսքերով։
Դավիթ Մուշեղյան- Ինքը` 2016 թվականը:
9. Ամանօրյա պաթեթիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական երեք արժեքավոր խորհուրդ
Եղիշե Մանուչարյան- Երեքի փոխարեն միայն մեկ ասելիք ունեմ. որքան էլ գայթակղիչ լինեն առջևում քեզ սպասվող վերելքները, հարազատ մնալ սեփական սկզբունքներին, քանզի ոտնահարելով արժեքներդ՝ մի օր ինքդ քեզ հետ ես մնալու, ու շատ կարևոր է, որ ինքդ քեզ հարիր լինես ու անկռիվ՝ հենց ինքդ քեզ հետ:
Ավետիս Բերբերյան- 1. Այն ինչ քիչ եք անում՝ շատ արեք:
2. Այն ինչ շատ եք անում՝ քիչ արեք:
3. Այն ինչ չեք անում՝ արեք:
Վիկտորյա Ավետիսյան- Երբեք չդադարել երազել, չվախենալ սխալվելուց, թող որ ձեր ուղեցույց աստղը լինի ՍԵՐԸ:
Վահան Արծրունի- Ձեր մթնոլորտից հեռացրեք տգետներին, նախանձներին և կնատյացներին։ Թող ձեր նեղ շրջապատում մնան միայն նրանք, ում հետ կկիսեք ձեր ուրախությունները, ձեր վիշտը և կկառուցեք ձեր ապագան։ Տանը, անպայման, հայոց լեզվի դասագրքեր պահեք։ Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ:
Ռուզաննա Սիրունյան- Ա. շատ լսեք դասական երաժշտություն. Այն մաքրում ու խաղաղեցնում է մարդկային հոգին, ոչնչացնում է բացասական մտքերն ու լիցքերը, ինչպես անառողջ բջիջներն են ոչնչանում բուժիչ դեղորայքի ազդեցությամբ:
Բ..սիրեք ու պահպանեք մեր երկիրն ու քաղաքը. կարծում եմ, մեր երկրի ու քաղաքի հետ կապված անգամ ամենափոքր հարցերի հանդեպ վերաբերմունքով է որոշվում, թե իրականում ինչքանով ենք հարգում ինքներս մեզ:
Գ. Ավելի պրակտիկ ու առօրեական ցանկություն. լինենք ավելի զիջող ու լավը նկատող. կարծում եմ, որ հաճախ մարդիկ նկատում են ինչ-որ երևույթների բացասական կողմերը, որովհետև փնտրում ենք դրանք: Փորձենք ավելի բարեսիրտ լինել ու լավատես:
Նարինե Դելալյան- Եթե խորհուրդ՝ ապա միայն փոքրիկներին։
1. պարապել, 2. պարապել, 3. պարապել Բայց նաև… լսեք ձեր ներքին ձայնը, գնացեք նրա հետևից՝ գտնելու երազները։ Իրական դարձրեք այդ երազները ու բնության կամ Աստծո կողմից տված ձեր շնորհի միջոցով այն վերադարձրեք մարդկանց։
Եղե՛ք երջանիկ:
Լիլիթ Հովհաննիսյան- Աստծո կողմից տված տաղանդը տանուլ չտալ. պատժելի է։ Ինչքան էլ պաթետիկ հնչի հիմա՝ էս մարդակեր աշխարհում մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն մեր Լեզվի , մեր փոքրիկ Հայրենիքի պաշտպանությանը և թող հնչի «Հայաստան, երկիր դրախտավայրը»՝ ի սեր ԱՐՄԵՆԻԱՅԻ…
Եղիշե Պետրոսյան- Ցանկացած երաժշտություն գալիս է սրտից, եւ պետք է կրկին հասնի սրտին:
Երաժշտությունն առանց մեղեդու անընկալելի է, իսկ երաժշտությունն ու մեղեդին՝ անբաժանելի:
Երաժշտությունը սգացող անձի լավագույն մխիթարությունն է :
Դավիթ Մուշեղյան- Ռոք-երաժիշտների նշանաբանը`
Work Hard
Stay Hard
And Play Hard
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Սյուզան Թոսունյան
Անահիտ Խաչատրյան
Արթուր Խաչատրյան










