2015-ի տեքստերի բաց դատավարություն. գրականագետներ և մեդիագրագետներ

20:53 • 03.01.16

Tert.am-ի այս մեդիանախագիծն ամփոփում է 2015-ի ամենահնչեղ ստեղծագործություններն ու իրադարձությունները: Մենք առանց որևէ միջամտության, բաց ու անկողմնակալ  ներկայացնում ենք տարբեր  ընտրախավերի դիտարկումները՝ ԳՐՈՂՆԵՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԹԱՏԵՐԱԿԱՆ և ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐ, ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏՆԵՐ: Տոնական այս օրերին մեր ընթերցողները հրաշալի հնարավորություն ունեն գնալ այս հրապարակումների  ակտիվ հղումներով և կարդալ 2015-ի ամենախոսուն գրքերը, մասմեդիայի ամենաազդեցիկ նյութերը , դիտել արդեն գտնված այն ֆիլմերը, որոնք ցնցել են մեր այս նախագծի  մասնակից հայտնի դեմքերին: Այսօր 2015-ի տեքստերի քննությամբ հրապարակ են մտնում գրականագետներն ու մեդիագրագետները, իսկ շարքի հաջորդ հանդիպումը՝ հայ աշխարհահռչակների հետ է:

 

1.2015թ.-ի ամենախոսուն գիրքը

 

Հովիկ Չարխչյան /գրականագետ/- Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիքի» նոր թարգմանությունը:


Սամվել Մարտիրոսյան / մեդիափորձագետ/ - Ցավոք, այս տարի շատ գիրք կարդալ չի հաջողվել։ Կնշեի Ջոն Լե Կարեի լրտեսական վեպերի շարքը։ Մեկ էլ հավեսով վերընթերցեցի մանկության Ջեյմս Քրյուսի «Թիմ Թալլերը կամ վաճառված ժպիտը»:


Լևոն Դռնոյան / բժիշկ-առողջագետ, գրող-հրապարակախոս /- Այն  գիրքը, որ Արարչի քմծիծաղն է՝ մարդկությանն ուղղված: Այն գիրքը, որը նաև հաստատում է՝ թարգմանչաց դասը նոր լեզու ու նոր երկիր ստեղծում: Առնվազն՝ մասնակցում է ստեղծմանը: Ումբերտո Էկո՝ «Վարդի անունը»: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

 


Արայիկ Մանուկյան / Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության հիմնադիր, տնօրեն/- Թերևս Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի. «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» հրաշալի գիրքը:


Երկու հսկաների ինտելեկտուալ զրույցների շարք՝ տարողունակ, խորը, դեպի մշակութաբանական եզրեր գնացող, մարդկության ու քաղաքակրթությունների զգայուն նյարդերը շոշափող, միտքը փոփոխվող աշխարհի զարկերակի վրա, անցյալի, ներկայի և ապագայի արժեքները միաձուլող, տարանջատող: Զրույցներ, որոնք սկսվում են ու չեն ավարտվում,  չես ուզում, որ ավարտվեն: Բացառիկ մի գիրք, լավ հայերենով, ծանր ու թեթև միաժամանակ: Գիրք, որ անընդհատ ուզում ես կարդալ, գնալ դեպի սկիզբը, հասնել վերջին ու նորից գնալ դեպի սկիզբ: Միայն նրանք կարող էին այսպիսի պատկերայնությամբ բնութագրել մեր կյանքի անդադար վերաձևման անտանելի ռիթմը. «Մոտ մեկ դար պահանջվեց, մինչև հավերը սովորեցին փողոցը չանցնել: Կենդանին ի վերջո հարմարվեց երթևեկության նոր պայմաններին: Մենք այդ ժամանակը չունենք»: Այս գրքի մասին երկար կարող եմ խոսել, որովհետև կարդացի, կարդացի ու շարունակում եմ կարդալ: Եվ ամեն Աստծո օր կարդում եմ իմ Ավետարանը՝ Հրանտ Մաթևոսյանի «Ես ես եմ»-ը: Սա օրվա, տարվա, թվականի հետ կապ չունի:    


Հարութ Հարությունյան /ՀՌԱՀ հանձնաժողովի անդամ, գրող-հրապարակախոս/ - Այս տարի  վերընթերցեցի Մալխասի «Զարթոնք»-ը և կրկին համոզվեցի, որ այս վեպը կարող էր հրաշալի պատմական, ուսուցողական կինոպատում դառնար, բայց նորից մնաց ստվերում: Ինձ համար նաև հաճելի էր հայերեն ընթերցել  Միլան Կունդերային, մանավանդ, որ Շուշանիկ Թամրազյանի կողմից նրա «Կեցության անտանելի թեթևությունը», հրաշալի էր թարգմանված:


Վաչագան Սարգսյան /«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր, գրող, հրապարակախոս/-  Լևոն Խեչոյանի  «Մհերի դռան գիրքը»:

 


Արտակ Բեգլարյան / Արցախի վարչապետի մամուլի քարտուղար/ - Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում», որը երկրորդ անգամ եմ ընթերցել:


Հրանտ Տեր- Աբրահամյան /հրապարակախոս, սյունակագիր/- Երվանդ Տեր-Մինասյանի «Հայ եկեղեցու հարաբերությունները ասորվոց եկեղեցիների հետ»:


Հակոբ Բադալյան /քաղաքական մեկնաբան, սյունակագիր/- Ցավոք, տարվա ընթացքում առավելապես լուրեր ու հոդվածներ եմ կարդացել ու էդ իմաստով 2015-ին շատ գրքեր չեմ կարդացել, որ ամենալավը լիներ դրանց մեջ: Տպավորիչ էր Տիգրան Հայրապետյանի հոդվածների ժողովածուն՝ «Երրորդ աշխարհամարտի մատույցներում»: Մոտ երկու տասնամյակ առաջ գրվածը հատկապես այսօրվա իրադարձությունների լույսի ներքո դարձել է է՛լ ավելի արդիական: Գեղարվեստական գրականությունից կարդացածիցս տպավորել է «Ստամբուլի բիճը»:

 

Արքմենիկ Նիկողոսյան /գրականագետ, խմբագիր/- Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը: Շատ տպավորիչ գիրք էր: Դեռ լույս էլ չի տեսել, ի դեպ: Շուտով կլինի: Մակեդոնացի հեղինակ է, բնականաբար մեզ անծանոթ, բայց վստահ եմ շատ կսիրեն նրա այս վեպը:

 


2.2015թ.ի ամենատպավորիչ ֆիլմը

 


Հովիկ Չարխչյան - Չկարողացա վերհիշել, բայց եղել են մի քանիսը:

 


Սամվել Մարտիրոսյան - Այս տարի, իմ կարծիքով, ֆիլմերի համար լավագույնը չէր։ Շատ լավ ֆիլմեր հայտնվեցին, բայց դրանց մեծ մասն արդեն եղած ու ավելի լավ ֆիլմերի շարունակություններ էին, որոնց հանդեպ սպասումներս ավելի մեծ էին, քան այն ինչ ստացվեց։ Նույն «Աստեղային պատերազմները» կամ «Վրիժառուների Ալտրոնի շրջանը»․ լավն էին, բայց մեկ քայլ առաջ չէր։ Սակայն սերիալների մեջ հայտնվեցին մի շարք շատ հետաքրքիրները։ Հատկապես կնշեի «Ֆարգոն», «Իրական դետեկտիվը», «Ջեսիկա Ջոնսը»:


Լևոն Դռնոյան - Տարվա մեջ մի շաբաթ, օրը  երկու անգամ կինո եմ նայում - « Ոսկե ծիրանը» փառատոնում:  «Ձմեռային ասպատակները» թուրքական ֆիլմը: Ռեժիսոր՝Ֆարուք Հաջըհաֆըզօղլու: Ձմեռային Կարսը: Մանուկների պայքարը՝ հանուն կյանքի:


Արայիկ Մանուկյան - Անկասկած, Հարություն Խաչատրյանի նոր «Փակուղի» ֆիլմը, որը դուք դեռ չեք տեսել, որը հանրային մակարդակով գրեթե ոչ ոք չի տեսել և որի պրեմիերան, կարծում եմ, կլինի ամռանը: Ես պատիվ եմ ունեցել լինելու այն քիչ մարդկանցից, որոնք ֆիլմը դիտել են և օրեր շարունակ կռվել եմ այդ ֆիլմի պատճառած զգացողությունների, տրամադրությունների հետ: Ընդհանրապես սիրում եմ Հարություն Խաչատրյանի կինոն, որովհետև այն շատ է մարդու մասին, իսկ արվեստը մարդու մասին է: «Փակուղին» մի կատարյալ անդրադարձ է մարդուն, Հայաստանը թողած մարդուն, երազներն ու իրականությունը շփոթած մարդուն, ապրող, բայց՝ մահացած մարդուն:    


Հարութ Հարությունյան- Ֆիլմերի հարցում այս տարին ինձ համար  հայկական էր: Տարվա սկզբին արդեն հասցրել էի դիտել Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը , իսկ «Ոսկե Ծիրան» փառատոնին հիացա Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմով:
 

Վաչագան Սարգսյան- Չի եղել՝ հին ֆիլմեր են:


Արտակ Բեգլարյան- Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ ես հազվադեպ եմ ֆիլմեր դիտում, դիտելիս էլ՝ գլխավորապես փաստավավերագրական: Այս տարի կոնկրետ անուն չի տպավորվել մոտս:

 


Հրանտ Տեր- Աբրահամյան- Ֆիլմեր չեմ նայում, նենց որ լավագույն սպորտային խաղերը: Ֆուտբոլ՝ Բարսելոնա-Սեվիլյա Եվրոպայի Սուպերգավաթ, Ռեգբի՝ Անգլիայի չեմպիոնատի ֆինալ՝ Սարասենս - Բաթ, Ավստրալիական ֆուտբոլ, ռեգուլյար չեմպիոնատի խաղ՝ Քոլինգվուդ-Նորթ Մելբուրն:


Հակոբ Բադալյան - «Ֆորտ Բլիսս»: 
 


Արքմենիկ Նիկողոսյան- Այնպես չէ, որ հետևում եմ նոր ֆիլմերին, բայց, մեկ է, որ թվականին էլ հարցնեիք՝ այդ թվականին իմ դիտած ամենալավ ֆիլմը «Մենք ենք մեր սարեր» էի ասելու:
 


3.2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը

 


Հովիկ Չարխչյան- Անկասկած, Բաղրամյան պողոտայում ծավալված դեպքերը:


Սամվել Մարտիրոսյան- Կարծում եմ , ամենակարևորը՝ երկուսն են․ «Իսլամական պետության» վերելքն ու տարածումը և նավթի անկումը:

 


Լևոն Դռնոյան-Անիի կործանումից հետո մենք հայրենի հողի վրա քաղաք գրեթե չունեցանք: Պետական կարգի ու քաղաքային ավանդույթի  կրող համայնք:  Մնում էինք գեղջկական ազգ, մեր գեղջուկ ոսկե մշակույթով: Մենք գրեթե չգիտեինք՝ ի՞նչ է  քաղաքացին: Դե ի՜նչ, աչքալուսանք տա՞նք. 2015 թվին տեսնում էինք, որ հայ քաղաքացին ծնվում է: Ծնվեց: Քիչ քանակով ու թանկագին: Ապրելու ենք: Հայ գեղջուկի վրայից վերցնենք մեր ապրելու դարավոր հոգսը: Սա դարակազմիկ պահ է:


Արայիկ Մանուկյան- Հայաստանում վաղուց հասարակական-քաղաքական իրադարձություններ, այն էլ՝ նշանակալի, այն էլ՝ ամենանշանակալի, ցավոք, վաղուց չեն լինում կարծում եմ: Կամ էլ կարողացել եմ ինձ այնտեղ տանել, որ դրանցով չտարվեմ: Ես շոուների սիրահար չեմ, շոուներ չեմ սիրում, «փարթիների» չեմ մասնակցում:


Հարութ Հարությունյան- Կարծում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն էին: 


Վաչագան Սարգսյան- Չի եղել: Նոր մտածողությամբ քաղաքացիների, հատկապես երիտասարդ, անվախ գործունեությունը:


Արտակ Բեգլարյան - Եթե ողջ հայության համար դիտարկենք, ապա՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իսկ եթե զուտ ներարցախյան իրադարձություններից, ապա՝ խորհրդարանական ընտրությունները:


Հրանտ Տեր- Աբրահամյան- Հասարակական-քաղաքական իրադարձություններն առանց ինձ էլ իմանում եք, ես էլ շաբաթը երկու անգամ գրում եմ դրանց մասին:

 


Հակոբ Բադալյան -Կարծում եմ մի քանիսն են: Եթե Հայաստանի շրջանակում, ապա բացասական, տագնապալի և ողբերգական իմաստով «նշանակալի»՝ սահմանային լարվածության աճող դինամիկան, Գյումրիում Պերմյակովի ոճրագործությունը: Նշանակալից իրադարձություններ էին նաև «Էլեկտրիկ Երևան» շարժումը, Սահմանադրության փոփոխությունը: Եթե միջազգային առումով, ապա էլի ողբերգական իմաստով նշանակալից էին Փարիզի ահաբեկությունն ու ռուսական քաղաքացիական օդանավի պայթեցումը: Նշանակալից իրադարձություն էին նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, ռուսական օդանավի հարվածի հետևանքով ռուս-թուրքական լարումը: Եթե կարող ենք իրադարձություն համարել, նաև նավթի էական գնանկումը: Կնշեմ նաև ՖԻՖԱ կոռուպցիոն սկանդալը: Ձևով հասարակական-քաղաքական թե՛ ներքին, թե՛ արտաքին նշանակալից իրադարձություն էր ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց քաղաքական բովանդակությամբ իմ կարծիքով այն չունեցավ բավարար ու համարժեք արդյունավետություն և հանրագումարում ավելի շատ վերածվեց մշակութային իրադարձության:


Արքմենիկ Նիկողոսյան- Միանշանակ՝ «Էլեկտրիկ Երևան»-ը, հատկապես առաջին օրերին: Էներգետիկան շատ ցնցող էր, ու վստահ եմ, որ անկախ արդյունքներից ու սպասելիքների արդարացում-չարդարացումից՝ շատ բան փոխեց մեր հասարակության մեջ:

 


4.2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը

 


Հովիկ Չարխչյան- Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուի հրապարակումը:


Սամվել Մարտիրոսյան- Ինձ թվում է ամենաաղմկահարույցը, բայց ոչ ամենամշակութայինը, Charlie Hebdo-֊ի շուրջ իրադարձություններն ու քննարկումներն են, որոնք խառնեցին իրար մշակութայինը, քաղաքականը ու կրոնականը։


Լևոն Դռնոյան- «Ոսկե Ծիրան» փառատոնը՝ «Ավետյաց երկրի ձգողականություն: Եվրոպական մշակութային մի ազգի անձնագիր»:

 

Արայիկ Մանուկյան- Կոմիտասի թանգարան ինստիտուտի ծնունդը մեր կյանքում։ Արթուր Շահնազարյանի ջանքերով «Հայկական ազգային երաժշտական գանձարանի» ստեղծումը, որտեղ փրկված Կոմիտասն է իր կատարելությամբ: Նաև «Գաֆեսճյան» կենտրոնի բազմաթիվ ցուցադրություններ և հատկապես՝ իր մշակութաբանական նշանակությամբ Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը»։ Նաև բազմաթիվ ցուցադրություններ ազգային պատկերասրահում: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրաշալի համերգները Հայաստանում և արտերկրում, բազում երևելիների մշակութային այցերը Հայաստան: Իմ սիրելի «Ոսկե Ծիրանը»՝ իր արժեհամակարգով: Գյումրիի «Տիրամայր Հայաստան» երգչախմբի փառահեղ ելույթը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում և ընդհանրապես այդ օրն իր ողջ խորհրդով: Աշխարհի հայ երաժիշտների մեկտեղումը Փարիզյան համերգում: Լուսինե և Հայկ Խաչատրյանների երևութային համերգները այլ երկրներում:  Հայկ Մելիքյանը, Տիգրան Համասյանը, Նարեկ Հախնազարյանը և ուրիշներ, որոնց գուցե չեմ մտաբերում այս պահին:   Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» կատարումը: Բայց կուզեի, շատ մեծ իրադարձության անուն տալ, որին ոչ մի վայրկյան չէի վարանի մշակութային մեծ իրադարձություն անվանել: Իրադարձություն հասկացությունը բոլորովին այլ հարթության մեջ եմ ընկալում, այն էլ՝ մշակութայինը: Կուզեի մենք  անեինք այն, ինչ արեցին էստոնացիները Արվո Պյարտի երաժշտությամբ՝ աշխարհին ընկալելի բեմադրելով «Ադամի կրքերը», որի համաշխարհային պրեմիերան արեց «Արտե»-ն: Մենք դա կարող ենք  ու   պարտավոր ենք անել:


Հարութ Հարությունյան – Վալերի Լեոնտևը մարտ ամսին սուսիկ-փուսիկ եկավ, հայոց աշխարհի փափկասուն տիկնանց համար երգեց, զարմացավ  ու գնաց: Ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն էլ մեծ շուքով նշեց իր 60 ամյակը: Ճիշտ է, վերջինս մշակույթային իրադարձություն չի, բայց կարելի է գրել մշակույթի նախարարության վրա: Ով է՞ ստուգելու….

 


Վաչագան Սարգսյան- Եթե ասեմ այս կամ այն երգչի, դիրիժորի այցն է Հայաստան՝ նշանակում է առանձնապես բան չասել: Համընդհանուր ընդգրկում ունեցող մշակութային որևէ իրադարձություն եթե լիներ՝ լավ կլիներ: Որպես տրոփյուն՝ «Ոսկե Ծիրանը», թերևս:


Արտակ Բեգլարյան- Վերդիի «Ռեքվիեմ» օպերայի բեմադրությունը Ստեփանակերտում:


Հրանտ Տեր- Աբրահամյան- Մշակութային իրադարձություններից տեղյակ չեմ, բայց այստեղ՝ Աշտարակի «բեսեդկում» խմված ամենալավ օղին եղել է Օհան Սեմիջյանի քաշած ծիրանի օղին, իսկ թիթիզ Երևաններում՝ «Ileach սիգլ մոլթ» վիսկին:


Հակոբ Բադալյան- Կառանձնացնեմ SOAD համերգը ապրիլի 23-ին, Քարդաշյանների այցը Հայաստան, որը ևս համարում եմ մշակութային իրադարձություն, ինչ-որ առումով նույնիսկ հանրային մշակույթի վրա ունեցած հեղափոխական ազդեցությամբ՝ ներառյալ Վեսթի համերգը Կարապի լճում: Կարևոր եմ համարում նաև ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով«100 կյանք» նախաձեռնությունն ու դրա շրջանակում միջազգային «Ավրորա» մրցանակաբաշխության սահմանումը:


Արքմենիկ Նիկողոսյան- Սերժ Թանկյանի համերգը: Գուցե մի փոքր տարօրինակ հնչի, բայց այդ օրը վերջապես տեսա մշակույթի հետ կապված իրական ոգևորություն, ուժ, էներգիա, այդ օրը մի քիչ ուրիշ Հայաստան ու հայություն տեսա՝ հենց մշակութային իմաստով:

 


5. 2015թ-ի   մասմեդիայի ամենաազդեցիկ  հրապարակումը

 


Հովիկ Չարխչյան-2015թ-ի լրագրողական ամենաազդեցիկ նյութը: - «Մի ցուցանմուշի պատմություն» հոդվածաշարը «Հետք»-ում։ 

 

Սամվել Մարտիրոսյան- Իմ կարծիքով, դա դեռ 2014-֊ին ստեղծված, բայց այս տարի թափ առած The Intercept լրատվականի գործունեությունն է, որը քիչ է հայտնի Հայաստանում, բայց շատ հետաքրքիր բացահայտումներ է անում ՝ կապված պետությունների և մեծ կորպորացիաների կողմից քաղաքացիական իրավունքների խախտման վերաբերյալ աշխարհով մեկ։ Նաև նշեմ OCCRP — the Organized Crime and Corruption Reporting Project միջազգային կազմակերպության գործունեությունը, որի հետ Հայաստանից համագործակցում է «Հետքը»․ կազմակերպության շնորհիվ իրականացվել են օֆշորային բազմաթիվ բացահայտումներ ամբողջ աշխարհով մեկ։


Լևոն Դռնոյան- ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցների շարքը՝ մեր հասարակ մարդկանց, մեր մայրերի հետ, ո՞րն առանձնացնեմ: Հերոսի հոգին՝ բառային կազմի կենդանի հյուսվածքով գեղանկարված: Երբ վավերագրության և մեծ գրականության սահմանը ջնջվում է: 

 

Հարութ Հարությունյան- Անպայման Հ1-ի լրատվականի լրագրող Սուսան Բադալյանի «Վերապրածները» շարքը և իհարկե «Հետք» էլեկտրոնային պարբերականի հետաքննությունները, հատկապես «Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի-3»-ի ինֆոգրաֆիկական մասը:
 

 

Արտակ Բեգլարյան-2015թ-ի լրագրողական ամենաազդեցիկ նյութը ես համարել էի Վարդ Սիմոնյանի «Բանականության ձայներ Արցախից. «Թուրքը Ղարաբաղը չի թամբի` մի ձին մի թամբ է ունենում» համով-հոտով հոդվածը: Սակայն ավելի ուշ հիշեցի, որ ամենաազդեցիկը, այնուամենայնիվ, Վահագն Հովնանյանի վերջին հարցազրույցն էր,՝ տպագրված tert.am- ում, որի հեղինակը դարձյալ ՎԱՐԴուհի Սիմոնյանն է:
 

Հրանտ Տեր- Աբրահամյան- Լրագրական նյութեր՝ ցանկացած բան ինչ գրում է Մհեր Արշակյանը ազդեցիկ է։

 

Արայիկ Մանուկյան- Նյութեր եղել են, անշուշտ, բայց արի էդ թողնենք: Լրագրության մեջ խնդիրներն այնքան շատ են, որ մի քանի ազդեցիկ նյութն անգամ «դարդին դարման» չի:


Հակոբ Բադալյան- Չեմ հանդիպել նյութի, որը կարող եմ որակել «ամենաազդեցիկ»:


Արքմենիկ Նիկողոսյան- Մհեր Արշակյանի հրապարակումները Սիվիլնեթում, գրեթե բոլորը, չնչին բացառություններով: 

 


6. 2015թ-ի ամենասուր հումորը

 


Հովիկ Չարխչյան- Ֆեյսբուքյան որոշ փայլատակումներ, հատկապես նոր սահմանադրության առնչությամբ:


Սամվել Մարտիրոսյան- Հայաստանյան քաղաքական դաշտից ավելի հումորային բան հիմա մտքովս չի անցնում:


Լևոն Դռնոյան- Ա՛խ, ա՛խ… Ներեցեք անկեղծությանս – եթե «հումորը», նրա «ամենասուրը» մատուցվում է ժարգոնի սինիի վրա, բառերն ու շեշտերը եղծ, կեղծ ծիծաղի մզվածքի մեջ թաթախված, ապա անմիջապես բաժանվում եմ դրանից: Հայկական հեռուստատեսությունների  հումորային հաղորդումները արհամարհում եմ՝ ապամշակույթի վերջն են: Բայց էստեղ-էնտեղ, ֆեյսբուքում փայլուն անեկդոտներ լինում են, չեմ մտապահում:

 

Արայիկ Մանուկյան-Երևի Սեյրան Սարոյանի տրենդային ելույթը՝ «դու կուլտուրական մարդ ես» թեմայով: Շատ եմ սիրում: Բայց դա 15-ին է՞ր, թե՝ 14-ին: Չնայած ի՞նչ տարբերություն, Սեյրանին երբ խոսեցնում են, ելույթը հիթ է դառնում:


Հարութ Հարությունյան- Ամենասուրը լուրջ ասված խոսքն էր՝ «Ես ու Շմայսը քրֆենք, ջայնամ, բա դու ո՞ւր ես քրֆում ...»


Վաչագան Սարգսյան- Հնարավոր չէ առանձնացնել, շատ հարուստ է քաղաքական դաշտը այդ առումով՝ ցմահ մահապատժից մինչև ցկյանս առողջություն:


Արտակ Բեգլարյան-Այն, որ կրտսեր Ալիևը դրոշ կծածանի Արցախում։


Հրանտ Տեր- Աբրահամյան- Ես կասեի ամենասև՝ Սերժ Սարգսյանը որոշել է Սահմանադրություն փոխել՝ երկրի անվտանգությանն եղած մարտահրավերների պատճառով:


Հակոբ Բադալյան- 2015թ-ի ամենասուր հումորը Փետրվարյան ներքաղաքական հանգուցալուծումները։


Արքմենիկ Նիկողոսյան- Գուցե այդ պահերին շատ սուր ու ցավագին էինք ընկալում նրա ասածները, բայց այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ 2015-ի ամենասուր հումորները կապված են Վովա Գասպարյանի՝ Բաղրամյան պողոտայում հնչեցրած արտահայտությունների հետ: Հիմա օրերի հեռվից, որ նայում եմ, էն տպավորությունն ունեմ, որ ոստիկանապետն էլ էր դրանք հումորով ասում, ավելի ճիշտ՝  մտածված հումորների առիթ էր տալիս:

 


7.Ձմեռ պապի, ախր…  / շարունակել  տեքստը/

 

Հովիկ Չարխչյան- … ախր որտե՞ղ ես քեզ կորցրեցի:

 

Սամվել Մարտիրոսյան- …. ախր ու՞ր էիր էս մի տարի կորած:


Լևոն Դռնոյան- ...ախր էսպես չի լինի: Հա՛, առանց ժողովրդավարության ճանապարհ չիք: Բայց ընտրածդ՝ մարդ լինի թե կուսակցություն՝ ամենաազնիվ ձևով ընտրված, պիտի մշակութային ու գիտական բովանդակություն ունենա: Ինչքա՞ն ասենք ժողովրդավարությունը ձև է, միջոց է, գործիքակազմ է և ընդամենը  համակարգ է, որը կյանք կառնի՝ եթե լցվի ՄՇԱԿՈՒՅԹՈՎ: Լավաշ թխելուց սկսած մինչև երկրի բարձրագույն կառավարչություն: Ձմեռ պապի, մի բան արա, որ «մշակութակենտրոն պետություն» բառակապակցությունը ընդունվի Հայաստանում: Սրա ստեղծմանն էլ տիրություն արա…


Արայիկ Մանուկյան-Արի Ձմեռ պապիին չսպանենք, թող իր գործով զբաղվի: Որ «ախր»-ն ասենք, էդ «ախր»-ի տակից դուրս չի գալու, դիմացը Նոր տարի է: Մեր «ախր»-ը Ձմեռ պապիին չի, որ պիտի ասենք…


Հարութ Հարությունյան- ….. ախր գալիս էս, որ ի՞նչ անես…


Վաչագան Սարգսյան- Ձմեռ Պապի, քեզ միշտ ասում են բե՛ր, բե՛ր: Ես ասում եմ՝ տա՛ր, տա՛ր, հոգիներս կերան:


Արտակ Բեգլարյան- … ախր, դու ինչու՞ չկաս:


Հրանտ Տեր- Աբրահամյան- Ձմեռ պապից ուզում եմ, որ ֆիդայի տղուս լավ մոսին հրացան նվիրի:


Հակոբ Բադալյան- …ախր… դու ձմեռ պապին ես, և վերջ:


Արքմենիկ Նիկողոսյան- …ախր գոնե այս տարի էդ նվեր-մվերների ծախսերը քո վրա վերցրու:

 


Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը