2015-ի սիմֆոնիայի գտնված խազերը. աշխարհահռչակներ և իրական աստղեր
Tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան-2015» մեդիանախագծի բեմն այսօր հայկական երաժշտարվեստինն է. 7 հարց աստվածային 7 հնչյունների 7 տիրակալներին և որ պակաս խոսուն չէ՝ ստեղծագործական 7 ճանապարհ՝ արարչական 7 աշխարհ անցնելուց հետո՝ ԳՐՈՂՆԵՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԹԱՏԵՐԱԿԱՆ և ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՄՔԵՐ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐ և ՄԵԴԻԱՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ և ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳՆԵՐ։ Tert.am-ը կրկին շնորհակալություն է հայտնում մեր այս նախագծի շուրջ 200 մասնակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ բաց ու անկողմնակալ ներկայացնել 2015-ի նշանակալի իրադարձություններն ու ամենահնչեղ ստեղծագործությունները: Նախագիծը մոտենում է եզրագծին. հաջորդիվ՝ վերջին, ամփոփիչ թողարկումն է:
1.2015թ.-ի ամենախոսուն գիրքը
Հասմիկ Պապյան /օպերային երգչուհի, սոպրանո/- Գերմանիայի վարչապետ Հելմուտ Շմիդտի մասին. «Զինվոր, վարչապետ, սրբապատկեր» գիրքն է: Նա վերջերս մահացավ՝ 97 տարեկան հասակում.կառավարել է 1974-1982 թթ.: Գրքի հեղինակ ՝ Գյունտեր Հոֆման:
Եղիշե Մանուչարյան /օպերային երգիչ, տենոր/- Արշակ Գյումրյան «Հավերժության հետևից»։

Վիկտորյա Ավետիսյան /օպերային երգչուհի, մեցո-սոպրանո/- Ռիլկե. «Նամակներ երիտասարդ բանաստեղծին»։
Նարինե Դելալյան / Ջութակահարուհի, Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար/- Միշել Ուելբեքի «Հնազանդություն» վեպը և Լևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը»։ Երկու գրքերն էլ մտավորականի զգուշացումն է մարդկության ապագայի նկատմամբ, ահազանգ օրեցօր ավելացող` մարդը մարդուն, ազգը ազգին չհասկանալու չարիքի նկատմամբ։ Մեզ մնում է իմաստուն լինել այնքան ու կարողանալ լսել այս մարդկանց կանչերը։
Վահան Արծրունի /երգիչ, կոմպոզիտոր/- Նիցշե «Այսպես խոսեց Զրադաշտը»։
Վազգեն Ասատրյան /ջազմեն/- Դժվարացրիք իմ վիճակը, այնքան տարբեր և խառը բաներ եմ նայել.հաստատ կդժվարանամ դրանցից մեկն առանձնացնել:
Լիլիթ Հովհաննիսյան/ կոլորատուրային սոպրանո/ - Նիլ Դոնալդ Ուոլշ «Զրույցներ Աստծո հետ»։
2.2015թ.ի ամենատպավորիչ ֆիլմը
Հասմիկ Պապյան- «Փրկության քարտեզ» Մանվել Սարիբեկյանի ղեկավարությամբ ստեղծված հրաշալի ֆիլմ, օտարերկրյա 5 կին միսիոներների մասին, որոնք փրկել են հազարավոր հայ որբուկների՝ վտանգելով իրենց կյանքը: Ֆիլմի ռեժիսորն է Արամ Շահբազյանը:

Եղիշե Մանուչարյան- «Մեդիսոն շրջանի կամուրջները» /Мосты округа Мэдисон/։
Վիկտորյա Ավետիսյան- Իրական մեծ սիրո մասին պատմող ֆիլմը Սթիվեն Սփիլբերգի «Արհեստական ինտելեկտ» /Artificial intelligence/։
Նարինե Դելալյան- Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդություն» ֆիլմը և Արմեն Գասպարյանի «Գողացված մանկություն» ֆիլմը: Առաջին ֆիլմը կրկին, մարդուն սպասող վաղվա օրվա մասին է, իմաստավորված, լեցուն կյանքով ապրած կենսագրություններ, որոնք սակայն պետք է անցնեն անցանկալի, բայց նաև անխուսափելի ճանապարհով։ Իսկ Արմեն Գասպարյանի ֆիլմը տխրության մեջից փայլող գեղեցկություն է, որ անտարբեր չի թողնում որևէ զգայուն սիրտ, որտեղ էլ այդ սիրտը բաբախի։
Վահան Արծրունի- «Ջուր որոնողը», ռեժիսոր՝ Ռասսել Քրոու:
Վազգեն Ասատրյան- Խաղարկային ֆիլմեր նայելու ժամանակ չունեմ, վավերագրական ֆիլմեր եմ նայում, իսկ վավերագրական լավ ֆիլմերը քիչ չեն:
Լիլիթ Հովհաննիսյան- Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ»-ը /Шпионский мост/։
3.2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը
Հասմիկ Պապյան- Ամենանշանակալիցը՝ Վատիկանում հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով անցկացված պատարագն էր և Հռոմի պապի արտասանած խոսքը:
Եղիշե Մանուչարյան- Չեմ հետաքրքրվում:
Վիկտորյա Ավետիսյան - Բաղրամյան փողոցի իրադարձությունները. հիացած եմ, ոգևորված՝ մեր անգին երիտասարդներով:
Նարինե Դելալյան- Նոյեմբերյան ահաբեկված Փարիզը և հունիսյան Բաղրամյան պողոտայում երիտասարդությամբ սնված զարթոնքը։

Վահան Արծրունի- Կենդանի պատը Բաղրամյան պողոտայում:
Վազգեն Ասատրյան- Ցեղասպանության 100-ամյակն էր ամենանշանակալին, որն անցավ կազմակերպական շատ բարձր մակարդակով, մեզ մոտ դա ստացվեց: Կոնկրետ ինձ վրա հոգեբանական շատ մեծ ազդեցություն թողեց: Կրկին հիշեցի վանեցի մեծ տատիս հուզիչ պատմությունները…
Լիլիթ Հովհաննիսյան- Քաղաքականությանը վերաբերող հարցերին չեմ պատասխանում, բայց ես Բաղրամյան 26-ի մատույցներում մեր երեխաների աչքերի ազատատենչ ու իմաստավորված փայլը տեսա համատարած այս խավարում. ես տեսա ու ոչ մի բանի հետ չեմ փոխի:
4.2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Հասմիկ Պապյան- Հրանտ Մաթևոսյանի 80-ամյա հոբելյանը, որը պետք է դառնար մշակութային իրադարձություն, բայց չդարձավ:
Եղիշե Մանուչարյան- Իմ կատարմամբ Սրավինսկու «Պերսեֆոնը»: Իսկ եթե ավելի լուրջ՝ մշակութային տառապանք էր (սարսափելի դժվար ստեղծագործություն էր,2 ամիս մոռացել էի ինչ է ժպիտը):
Վիկտորյա Ավետիսյան- Ամերիկացի պոետների կազմակերպած համերգը Բոստոնում՝ նվիրված 1915 թվականին նահատակված հայ պոետներին,
կատարվեցին երգեր գրված նահատակ հայ պոետների բառերով : Չափազանց հաճելի էր բեմը կիսել ինձ համար շատ սիրելի արտիստներ Եղիշե Մանուչարյանի և Լիլիթ Շուգարյանի հետ:
Նարինե Դելալյան- Ապրիլ ամսին Փարիզի «Շաթլե» թատրոնում նորաստեղծ , հայ երաժիշտներից ստեղծված Համաշխարհային հայկական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Համերգը ուղիղ եթերով հեռարձակվեց աշխարհի տարբեր երկրներում՝ այդկերպ ընդլայնելով մարդկությանը ուղղված ուղերձի հասցեատերերին։ Նաև Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնադրամի ժամանակակից թանգարանում Արշիլ Գորկու ցուցահանդեսի ուղեկցությամբ ներկայացումները՝ նվիրված մեծ նկարչի կյանքին ու ստեղծագործական ուղուն։ Ներկայացման մեջ երաժշտության լեզվով ստանձնեցի Արշիլի մոր դերը։
Վահան Արծրունի- 2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունն իմ «Հինգ համերգային նախագիծ - 2015» համերգաշարն էր:

Վազգեն Ասատրյան- Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված վատիկանյան իրադարձությունները, խաչատրյանական օրերը, Ֆրանկոֆոնի ֆորումը, մաեստրո Շառլ Ազնավուրի երևանյան ցնցող համերգը, չմոռանամ նշել նաև իմ մտահղացմամբ կազմակերպված ջազի միջազգային փառատոնը, որը չանցավ այնպես, ինչպես ես էի պատկերացնում, բայց, այնուամենայնիվ մշակութային մեծ իրադարձություն կարելի է համարել:
Լիլիթ Հովհաննիսյան- Ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ֆենոմենը:
5. 2015թ-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Հասմիկ Պապյան- Արայիկ Մանուկյանի «Ժողովուրդ չեն մուրում, ժողովուրդին արժանանում են»:
Եղիշե Մանուչարյան- «Նպատակի ճգնաժամ. կին-թռչունը կջարդի տնկված քթերը» Tert.am, ՎԱՐԴուհի Սիմոնյան:
Վիկտորյա Ավետիսյան- «Мы теряем главное в суете повседневности...»։
Նարինե Դելալյան- Վարդ Սիմոնյանի ցանկացած հարցազրույց. հազար ներողություն, բայց այլ ազդեցիկ նյութի չեմ հանդիպել, և սա իմ ամենաանկեղծ պատասխանն է…Եթե մեկը՝ ապա փոքրիկ գյուղացի տղայի հետ հարցազրույցը։
Վահան Արծրունի- Չկա:
Վազգեն Ասատրյան- Հայաստանյան մասմեդիային համարյա չեմ հետևում: Երբ ժամանակ եմ գտնում հաճույքով նայում եմ պատմական ուղղվածության հեռուստաալիքներ,կայքեր:

Լիլիթ Հովհաննիսյան- «Հետք»-ում Զարուհի Մեջլումյանի հրապարակումների շարքը Սողոմոն Քոչարյանի մասին:
6. 2015թ-ի ամենասուր հումորը
Հասմիկ Պապյան- Ամբողջովին հումորի մեջ ենք, ավելի սուր չի լինում:
Եղիշե Մանուչարյան- Փիլիսոփաները նույնպես մարդիկ են, ովքեր համապատասխան բանալիների համար` համապատասխան կողպեքներ են հորինում:
Նարինե Դելալյան-2015թ-ի ամենասուր հումորը «Այո-ոչ»-ն էր կամ Քրիստոսի ազգային պատկանելության շուրջ հայերի ու վրացիների բանավեճը։ Անշուշտ «Այո-֊ոչ֊»-ը սև «հումորին» պատկանող ժանրից էր, որ կրկին երևաց այն ծուռ հայելու մեջ, որի ձևերն ու չափերը վաղուց աղավաղված են:
Վիկտորյա Ավետիսյան- Իհարկե իմ ամուսնու՝ Եղիշե Մանուչարյանի հումորները, որոնք բազմաթիվ են, որ մեկն ասեմ, որը...

Վահան Արծրունի- 2015-ի ամենասուր հումորը Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումն էր։
Վազգեն Ասատրյան- Հիմա անհամեստություն կլինի՞, որ ասեմ՝ իմ, Լևոն Մալխասյանի, Լևոն Իգիթյանի հումորները: Մենք երբ հին երևանցիներով հավաքվում ենք, համարյա հումորի փառատոն է դառնում: Ափսոս, չենք տեսագրել, որ դուք էլ տեսնեք, չնայած լավ հումորը հենց այն է, որ անհասանելի է շատերին:
Լիլիթ Հովհաննիսյան- Ծանր տարի էր. չեմ հանդիպել հումորի, որ անգամ ուժեղ ծիծաղից հետո տխրություն ու մաղձ չմնա հոգումս:
7. .Ձմեռ պապի, ախր… / շարունակել տեքստը/
Հասմիկ Պապյան- ...ախր մինչև ե՞րբ պետք է մեր անգին տղաները զոհվեն սահմանին, մինչև ե՞րբ:
Եղիշե Մանուչարյան- ...ախր, թող մեր մոլորակը պտտի ոչ թե ձգողականությունը, այլ սերը: Թող մոլորակի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, դուրս ժայթքի դարերով կուտակված իմաստնությունը և վերջապես գործածվի ի շահ և ի բարօրություն սեփական ազգի: Ձմեռ պապի, հուսամ ուզածս այդքան էլ շատ բան չէ:
Վիկտորյա Ավետիսյան- ...ախր թող կապույտ թռչունը գա վերջապես ու ապրի մեր չքնաղ Հայաստանում ,սրտից-սիրտ թռչի՝ որպես սեր ու խաղաղություն:
Նարինե Դելալյան- ...ախր հեռու ես մեզանից այնքան… մի քիչ էլ մեզ մոտեցիր, որ մեր մանուկն էլ ուրախանա լիաթոք։ Երեխան մանկությունը վայելի, պատանին՝ պատանեկությունը, որ մեծանալուց հետո մարդը մարդ մնա։ Ու Աստված չանի, որ հանկարծ կորցնենք մարդկայնության բանալին, որը դեռ մեր ձեռքերում է… Շուտով պատմությունը նոր էջ կբացի մեր առջև և մեզանից կախված կլինի, թե ինչ բովանդակությամբ կլցնենք այդ էջերը։ Կունենանք գաղափարներ, վեհ նպատակներ, բարձունքներում, ազատության մեջ ճախրելու պահանջ՝ուրեմն էջերն էլ նոր որակ ու գունեղություն կստանան … կանխենք բանականության կորուստը, գեղեցիկը գնահատելու ունակությամբ հարստանանք ու վանենք հոգու աղետը… նորը կամ մոռացված հինը վերգտնենք, մեկ աստիճան բարձրանալու միտումով...
Վահան Արծրունի- Ինչո՞ւ դու միայն բալիկներին ես նվերներ բերում:
Վազգեն Ասատրյան- ...ախր, այ ձմեռ պապի, մենք՝ հայերով, ինչ վատություն ենք արել քեզ, հը՞:
Լիլիթ Հովհաննիսյան- Ուրախանալու սիրտ եմ ուզում, ուրախանալու…

Tert.am
Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը










